«ԱՊՐԻ Արմենիա» Բաց երկխոսությունը, հետազոտություններն ու կոնկրետ խնդիրների լուծումը առանցքային են տարածաշրջանային կայունության և զարգացման համար:
ՀԲԸՄ 92-րդ Ընդհանուր ժողովի երկրորդ օրը սկսվեց «ԱՊՐԻ Արմենիա»-ի աշնանային համաժողովով, որի ընթացքում տեղի ունեցավ փոխնախարարների հետ քննարկում կառավարման և քաղաքականության մշակման ճանապարհին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների շուրջ:
Քննարկումը վարում էր ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Արդա Հարաթունյանը:
Բանախոսների թվում էին Ռաֆայել Գևորգյանը (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն), Գևորգ Մանթաշյանը (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն), Արամ Մեյմարյանը (ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն), Լենա Նանուշյանը (ՀՀ առողջապահության նախարարություն) և Տաթևիկ Ստեփանյանը (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն):
«ԱՊՐԻ Արմենիա»-ն ապակուսակցական հետազոտական կենտրոն և քաղաքականության աքսելերատոր է, որը հիմնադրվել է ՀԲԸՄ-ի կողմից՝ Հայաստանի ներուժի կարճաժամկետ և երկարաժամկետ իրացման հիմնական մարտահրավերները բացահայտելու նպատակով: