SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 26 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
UGAB - Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան
02 de Junio de 2022

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համատեղ ջանքերով հրատարակվել է «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ուսումնասիրություն-պատկերագիրքը։ Գրքի համահեղինակներն են արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Թամարա Մինասյանը և պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը։

Matenadaran PR 2022 1-00

Հրավարդ Հակոբյանի, Թամարա Մինասյանի և Վահե Թորոսյանի համահեղինակած «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ուսումնասիրություն-պատկերագիրքը 

Պատկերագրքի հրատարակությունը իրականացվել է ՀԲԸՄ-ի Լորենս Թերզյան ֆոնդի ֆինանսավորմամբ՝ ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որի նպատակն է հետազոտությունների միջոցով հանրությանն իրազեկել Արցախի պատմության, մշակույթի և առկա խնդիրների մասին։ Լուսահոգի պարոն Թերզյանը Նյու Յորքի համալսարանի անգլերեն լեզվի պրոֆեսոր էր, Արդյունաբերական դիզայն ամսագրի հիմնադիրը և բազմաթիվ գրքերի և ավելի քան 200 հրատարակված հոդվածների հեղինակ, որոնցից շատերը հայ գրողների և գրականության մասին են:

Matenadaran PR 2022 2-00

Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» գրքի նկարազարդված էջերը  

Գիրքը բացառիկ արժեք է՝ նպաստելու Հայաստանի երկու պատմական նահանգների՝ Արցախի և Ուտիքի, մշակութային ժառանգության միջազգային ճանաչմանը։ Այս գավառները դարեր ի վեր եղել են աստվածաբանական, պատմական, կրթական և ծիսական անթիվ ձեռագրերի օրրան, որոնց մեծ մասն այժմ պահպանվում է Մատենադարանում։ Համահեղինակների համատեղ ջանքերի արդյունքում գիտականորեն ապացուցվել է նշված նահանգներում հայկականության բազմադարյա գոյությունը։ 

vahan vazken

Ձախից աջ՝ ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն  Մարինա Մխիթարյանը, Մատենադարանի տնօրեն դր. Վահան Տեր-Ղևոնդյանը և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը 

Գիրքը բաղկացած է երեք մասից և արտացոլում է Արցախ և Ուտիք պատմական նահանգների պատմությունը, ներկայացնում է շրջանի գրչատներն ու կրթական կենտրոնները, որոնք գործել են վանական համալիրներին կից, ինչպես նաև բացահայտում է 13-18-րդ դարերում ստեղծված պատկերազարդ ձեռագրերի պատկերագրական առանձնահատկությունները։ «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը, որպես այդ նահանգների պատմության և մշակութային ժառանգության ներդաշնակ մաս, հարուստ է բազմաթիվ քրիստոնեական ճարտարապետական կոթողներով, հուշարձաններով, խաչքարերով, և միջնադարյան աշխարհիկ կառույցներով, որոնք մենք պարտավոր ենք պահպանել և փոխանցել սերնդեսերունդ», - նկատում է գրքի խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը։ 

Գրքի համահեղինակներից Թամարա Մինասյանի համոզմամբ՝ ներկայիս քաղաքական և տարածաշրջանային զարգացումների կիզակետում, երբ հարևան պետությունները ջանք չեն խնայում կեղծել պատմությունը և հայկական մշակութային ժառանգությունը վերագրել իրենց՝ ներկայացնելով այն որպես աղվանական հարստություն, գիտականորեն ապացուցված այս բացահայտումները արդյունավետ զենք կարող են ծառայել ցանկացած ապատեղեկատվության դեմ։ Եվ եթե նրանց փորձերը փոքրիշատե հաջողության են հասնում մեր պատմական հուշակոթողները ոչնչացնելով, ապա ձեռագրական ժառանգության դեպքում նրանց նույնն անել չի հաջողվի։ «Հատկապես ձեռագրերի հիշատակարանները բացառիկ աղբյուրներ են, որոնք, անկասկած, ապացուցում են հայերի դարավոր ներկայությունն Արցախում և Ուտիքում»,- հավելում է նա։ 

donantes astsaj

Ձախից աջ՝ գրքի խմբագիր դր. Կարեն Մաթևոսյանը և համահեղինակներ Թամարա Մինասյանն ու Վահե Թորոսյանը

«Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագրքի հրատարակությունը ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականցված 18 ծրագրերից մեկն է։ Գրքի շնորհանդեսի ընթացքում ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն անդրադարձավ նաև ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի առաքելությանը։ «Արցախյան 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը թյուր պատկերացում ունի Արցախի պատմության և, մասնավորապես, մշակութային ժառանգության վերաբերյալ։ Դրամաշնորհային ծրագրի նպատակն է անդրադառնալ Արցախի պատմության բոլոր շերտերին և միջազգային հանրությանը զինել գիտականորեն ապացուցված և անաչառ փաստերով։ Մատենադարանը՝ որպես հին ձեռագրերի և սկզբնաղբյուրների գլխավոր պահոց, այս նախաձեռնությունն ակտիվորեն առաջ մղելու հիմնական հենասյուներից մեկը կարող է լինել»։

natan srpazan agbu

Միջոցառման պատվավոր հյուրերը (ձախից աջ)՝ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը, Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և մաեստրո Տիգրան Մանսուրյանը

ՀԲԸՄ-ի և Մատենադարանի ղեկավարությունները վստահեցնում են, որ շարունակական ջանքեր կգործադրեն, որպեսզի պատկերագիրքը լայնամասշտաբ տարածում գտնի Հայաստանի սահամաններից դուրս գիտական շրջանակներում և նպաստի հայոց պատմությունը կեղծելու դեմ ակտիվ պայքարին։ Պատկերագիրքն արդեն շրջանառվում է Եվրոպայում, իսկ հեղինակներն էլ հետազոտության արդյունքները մեծ խանդավառությամբ ներկայացնում են տարբեր միջազգային գիտաժողովներում։ «Պատկերագիրք-ուսումնասիրությունը կներկայացվի ոչ միայն Հայաստանի և Արցախի հանրապետություններում, այլև, որ ավելի կարևոր է, կուղարկվի օտար երկրների դեսպանատներին, միջազգային (հատկապես մշակութային ուղղվածության) կառույցներին, ինչպես նաև աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոններին ու համալսարաններին։ Վստահ ենք, որ այս աշխատությամբ Արցախ-Ուտիքի հարուստ մշակութային ժառանգությունն ավելի ճանաչելի կդառնա աշխարհում»,- հավելում է Մատենադարանի տնօրեն դր. Վահան Տեր-Ղևոնդյանը։

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա:

ՀԲԸՄ-ի և իր աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել՝ www.agbu.org

Más leídas