SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 22 de Noviembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
UGAB - ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 
ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԸ 2020Թ.
16 de Junio de 2021

16 հունիս 2021թ.

Պատերազմից հետո առաջին անգամ Հայաստան և Արցախ կատարած իր այցից ընդամենը 24 ժամ անց,Նյու Յորք վերադառնալուն պես, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ժամանակ տրամադրեց ՀԲԸՄ անդամներին ու բարեկամներին վերջիններիս հարցերին պատասխանելու համար: Նա իր անձնական նկատառումներն ու խոհերը ներկայացրեց առկա իրողությունների վերաբերյալ, ընդ որում, դա անելով յուրօրինակ դիտանկյունից՝ որպես շահույթ չհետապնդող գլոբալ կազմակերպության ղեկավար 20 տարի շարունակ, և որպես անձ, որը վերջին 30 տարիներին տարբեր ղեկավար դերերում առնչություն է ունեցել Հայրենիքի հետ: Նա խոսեց այն մասին, թե այդ տպավորություններն ու եզրահանգումներն ինչպես կարող են դրվել առաջիկա ամիսներին ու տարիներին ՀԲԸՄ առաքելությունն առաջ մղելու նպատակով մշակվելիք ռազմավարությունների ու լուծումների հիմքում: Ահա այդ ոչ պաշտոնական հարցուպատասխանի հիմնական դրույթները:

ՀԱՐՑ. Ո՞րն էր պատերազմից հետո ձեր առաջին այցի նպատակը:

Անկեղծ ասած, վճռել էի անձամբ և ամենատարբեր կողմերից ականատես լինել պատերազմի հետևանքներին: Միանշանակ է, որ Հայաստանի ու Արցախի, եթե ոչ ողջ հայության համար չափազանց բարդ և դառը նոր իրողություն է ստեղծվել: Մի բան է, երբ հեռվից հեռու հետևում ես լուրերին ու խոսում լավատեղյակ աղբյուրների հետ, միանգամայն այլ բան, երբ անձամբ ես գնահատում ու «մարսում» իրադրությունը:

Ամենից առաջ, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ ուզում էինք հասկանալ ժողովրդի մոտ առկա տրամադրությունները: Ի վերջո, նրանք այն մարդիկ են, որոնց ՀԲԸՄ-ն ծառայում է տարբեր ուղղություններով, լինի կրթության, մշակույթի, մարդասիրական օգնության, թե սոցիալ-տնտեսական զարգացման գծով: Մենք ձգտում էինք շփվել հնարավորինս շատ մարդկանց հետ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Մենք ուզում էինք լսել Հայաստանի հարավային շրջաններից տեղահանված ընտանիքների, ինչպես նաև իրենց տները հարկադրաբար լքած և հրադադարի համաձայնագրից հետո ինքնավար Արցախից մնացած տարածքներում բնակություն հաստատած մարդկանց վկայությունները: Մենք նաև ուզում էինք հանդիպել տեղի հոգևորականությանը և սեփական աչքերով տեսնել Արցախի եկեղեցիներին ու հնագույն սրբավայրերին ադրբեջանական ուժերի պատճառած վնասն ու ծանոթանալ այն վտանգներին, որոնք դեռևս առկա են: Միայն դրանից հետո մենք կկարողանայինք կշռադատված ռազմավարական որոշումներ կայացնել այն մասին, թե այսուհետ ինչ պետք է անի ՀԲԸՄ-ն, պարզել, թե ինչպես է այս պատերազմի ողբերգական հետևանքներն անդրադարձել մեր ընթացիկ գործունեության վրա ու առաջարկել նոր գերակայություններ առաջ ընթանալու համար: Ահա այն հարցերը, որ ունեինք մեր մտքում:

ՀԱՐՑ. Կներկայացնե՞ք ձեր երթուղին:

Երջանիկ պատահականությամբ իմ այցը համընկավ հունիսի 3-ից 6-ը Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախապես ծրագրված այցի հետ: Երթուղին բավականին հանդուգն ու հավանական վտանգներով հագեցած ծրագիր էր, որը մեզ պետք է հնարավորություն տար լինելու Սյունիքում, Արցախում և այժմ արդեն Ադրբեջանի կողմից զավթված ու ռուս խաղաղապահների կողմից մշտադիտարկվող հայկական տարածքներում: Չորս օրվա ընթացքում մենք կարողացանք այցելել Սյունիքի սահմանամերձ Շուռնուխ գյուղ՝ հանդիպելով տեղահանված ընտանիքներին, որոնց իրենց տներից վտարվել են այժմ արդեն գյուղի կեսը բռնազավթած ազերիների կողմից: Մենք նաև հանդիպեցինք Գորիսի բնակիչներին և այս մարզի նահատակների համար նոր հիմնված գերեզմանատանը հարգանքի տուրք մատուցեցինք իրենց կյանքը զոհաբերած հերոսներին: Արցախում գտնվելիս վճռեցինք անպայման այցելել հինավուրց Ամարաս և Գանձասար վանքեր: Իհարկե, մենք շփվեցինք Արցախի ժողովրդի և որպես նոր իրողության մաս նաև ռուս զինվորների հետ և, մինչև անգամ, այցելեցինք ռուսական ռազմաբազա: Այդ ամբողջ ընթացքում, ուր էլ այցելել ենք, զգացել ենք ադրբեջանական ուժերի ներկայությունը:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կգնահատեիք ընդհանուր իրավիճակը:

Ես կասեի լարված՝ հաշվի առնելով տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական իրադրությունն ու գալիք խորհրդարանական ընտրությունները Հայաստանում: Լարվածությանը նպաստում է նաև անորոշության այն թանձր շղարշը, որը պատել է ողջ երկիրը, ինչպես նաև այն անսահման ցնցումն ու վիշտը, որ պարուրել է հայության ամենատարբեր շերտերին:

Իրադրությունը փխրուն է՝ հաշվի առնելով առկա բազմաթիվ անհայտներն ու գործոնները: Ղեկավարման հետ կապված ակնհայտ  խառնաշփոթություն է տիրու, , որն է՛լ ավելի է խորանում հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական կուսակցությունների կողմից դրսևորվող պառակտիչ քաղաքական հռետորաբանությամբ ու սուր հակադրություններով: Դրան գումարած Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ դրսևորվող ագրեսիան, մինչ օրս Ադրբեջանում պահվող ռազմագերիների խնդիրը, ինչպես նաև հանրությանը պատած անամոքելի վիշտը՝ կապված 5,000 կյանքերի կորստյան հետ:

Այցելում ես գերեզմաններ՝ ամենուրեք օվկիանոսի ալիքների պես ծածանվող հայկական դրոշներն են: Ապա նայում ես տապանաքարերին, որոնց վրա նշված են ծննդյան թվերը. ծնվել է 1998-ին, 1999-ին, 2001-ին: Սոսկալի ցավ ես ապրում, երբ գիտակցում եսմեզնից խլված ներուժի տարողությանը: Փոքր երկրի համար 5,000 զոհն ու 12,000 վիրավորները մեծ կորուստ են: Արցախյան առաջին պատերազմի հետևանքով զոհերն ավելի բազմաթիվ էին, բայց նրանց ինքնազոհությունը գոնե հանգեցրել է հաղթանակի, իսկ ողջ մնացածները հպարտ էին իրենց արածով: Այժմ դժբախտաբար զգացողությունը տարբեր է, ու տիրում  է այն տեսակետը, որ պատերազմը հնարավոր էր կանխել:

ՀԱՐՑ. Ի՞նչ կարող ենք անել համազգային ապաքինման համար:

Երբ տեսնում ես քաղաքական այս պառակտվածությունն ու թափանցիկության պակասը, դրան գումարած  շրջանառվող տարաբնույթ ենթադրություններն ու իրականության հանդեպ տիրող թերահավատությունը, պետական սնանկ հաստատությունների հանդեպ վստահության կորուստը, գիտակցում ես, որ Եկեղեցին կրկին մնում է միակ խարիսխը: Նեղության ժամանակ մարդիկ ավելի են մերձենում Աստծուն: Հոգևոր կապվածությունը շոշափելի էր ամենուր, որտեղ այցելեցինք: Վեհափառն ու նրա շքախումբը մեր այցելած բոլոր համայնքներում յուրօրինակ ընդունելության էին արժանանում: Դա վերահաստատեց Հայ եկեղեցու կարևոր դերը ճգնաժամերի օրերին, ինչպես եղել է մեր ողջ պատմության ընթացքում:

ՀԱՐՑ. Իսկ ի՞նչ կասեք ընտրությունների նախաշեմին քաղաքական իրավիճակի մասին:

Ակնհայտորեն, երբ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում հրաժարական է տալիս արտաքին գործերի երկու նախարար, անապահովության զգացողությունը միայն ահագնանում է: Ցավոք, ընտրողները շատ դժվար ընտրության առաջ են կանգնած: Մինչ այս պահը մենք հուսով էինք, որ կտեսնենք նոր դեմքեր՝ հստակ նոր գաղափարներով և կառավարման հիմնավոր արհեստավարժ փորձով: Նման խորը ներքին տարաբաժանում բնորոշ է այլ երկրների ևս, ասենք՝ Իսրայելին ու Միացյալ Նահանգներին: Սակայն, ի տարբերություն այդ երկրների,  Հայաստանում պետական հաստատությունները հանդես չեն գալիս որպես նման անկայունության հակակշիռ: Անկախ նրանից, թե առկա ցանկից որ ուժը կգերակայի, լինելու են հակադիր ուժեր, որոնք խանգարելու են առաջընթացին: Խնդիրն այն է, որ արդյունավետ կառավարման հնարավորությունների մեր պատուհանը արագորեն փակվում է մեր սահմանների և Արցախի հետ կապված աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով: Մենք պետք է ավելի պատրաստված լինենք գալիք անխուսափելի մարտահրավերներին:

ՀԱՐՑ. Թեկնածուներից որևէ մեկը կապվե՞լ է Ձեզ հետ հավանություն ստանալու խնդրանքով:

Ես ինձ համար վճռել եմ հարաբերություններ չհաստատել քաղաքական դերակատարներից որևէ մեկի հետ, լինի պաշտոնապես, թե՝ ոչ: Եվ ոչ այն պատճառով, որ մտահոգ չեմ քաղաքական իրավիճակով, որը միանշանակ ազդում է այն մարդկանց կյանքերի վրա, որոնց մենք ծառայում ենք, այլ այն պատճառով, որ ՀԲԸՄ-ն մշտապես գիտակցաբար դիմադրել է սահմանները հատելու գայթակղությանը: Որպես անկախ գործող և ազգի ճակատագրով մտահոգ ազգային կառույց՝ ՀԲԸՄ-ին հաջողվել է իր գործը կատարել ամբողջ աշխարհում Հայաստանի և Արցախի բազմաթիվ իշխանությունների օրոք: Հենց այս պահին է, որ մեզ պես ուժը կարող է լինել ողջ չարության դեմ գործող հակաթույնը, որովհետև մեր ծրագրերն ու նախաձեռնությունները հատուկ ուղղված են բարի կամքով օժտված մարդկանց մեկտեղելու գործին:

Այդուհանդերձ, պետք է խոստովանեմ, որ այցիս ընթացքում մտահոգություններիս մասին բարձրաձայնել եմ Հայաստանում ներկայացված օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչների մոտ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության դեսպանների հետ հանդիպումներում:

ՀԱՐՑ. Կարո՞ղ եք հայտնել, թե ինչի շուրջ էին այդ դիվանագիտական շփումները:

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներից բացի, ես հնարավորություն եմ ունեցել հանդիպելու Մինսկի խմբի շրջանակներում Հայ-ադրբեջանական հակամարտությանն անմիջական առնչություն ունեցող երկրների դեսպանների հետ: Բնականաբար, նրանք շատ բան չէին կարող ասել, սակայն արտահայտեցին իրենց մտահոգությունները: Ես ստիպված էի արձագանքել, հանդես գալով ՀԲԸՄ-ի աշխարհատարած կառույցների անունից, արտահայտելով մեր միասնական հիասթափությունն ու մեզ դաշնակից համարվող այս խոշոր ուժային կենտրոնների կողմից լքված լինելու զգացումը: Ես ընդգծեցի, թե որքան լուռ էին նրանք, և թե որքան անբովանդակ էին նրանց հայտարարությունները, որն էլ, ըստ էության, Հայաստանին թողեց միայնակ՝ չհաշված հրադադարի հարցում Ռուսաստանի ներգրավվածությանը:

Վերջին հաշվով, ռուսները հայերին կպաշտպանեն այնքան ժամանակ, քանի դեռ դա բխում է իրենց իսկ շահերից: Այս պահին հայ-ռուսական շահերն առավել ևս համահունչ են, քանզի երկուսն էլ, յուրաքանչյուրն իր շահերից առաջնորդվելով, պատճառներ ունեն չցանկանալու, որ Թուրքիան և Ադրբեջանը վերահսկողություն սահմանեն Հարավային Կովկասի տարածաշրջանում:

ՀԱՐՑ. Ի՞նչ տպավորություններ ունեցաք, երբ հասաք Սյունիք և Արցախ:

Հենց այդտեղ է, որ երևում է պատերազմի հետևանքների սև ու սպիտակ էությունը: Մենք ստիպված էինք գնալ Լաչինի միջանցքով անցնող հին ճանապարհով և անցնել ադրբեջանական տարածքով, քանի որ այլևս չէինք կարող մեկնել Քարվաճառի նոր ճանապարհով, որի կառուցումն ավարտվել էր 2017 թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Սփյուռքի նվիրատվություններով: Այդ տարածքներն այժմ անցել են Ադրբեջանին: Մենք ստիպված էինք մեկնելիս ու վերադառնալիս ապավինել ռուսական բանակի ստորաբաժանումների ուղեկցությանը: Շուռնուխ գյուղում կար 13 տուն, որտեղ հայ ընտանիքներ էին ապրում: Ադրբեջանցիները հայ գյուղացիներին ասել էին՝ «Գնացե՛ք այստեղից: Մե՛նք ենք այստեղ»: Այնպիսի ճնշող զգացողություն է, որ ազերիները կարող են պարզապես ներխուժել, իսկ հայերը չեն համարձակվի դիմադրել: Այդպիսով, այս 13 ընտանիքները ստիպված էին անցնել ճանապարհը և ապաստան գտնել հայ համագյուղացիների տանը՝ «փողոցի հակառակ կողմում»: Մենք խոստացանք օգնել, որ նրանց համար նոր տներ կառուցվեն, որոնք պետք է պատրաստ լինեն գալիք ձմռանն ընդառաջ:

ՀԱՐՑ. Իսկ ի՞նչ կասեք Արցախի եկեղեցիների մասին: Դրանք պաշտպանվա՞ծ են արդյոք:

Դեպի Ամարաս տանող ճանապարհը բավականին անմոռանալի էր բարձունքի վրա գտնվող Շուշի քաղաքի տեսարանի պատճառով, որը զավթվել է ադրբեջանցիների կողմից: Շքախումբը ուզում էր հասնել Դադիվանք, սակայն ռուսներն ասացին. «Ներեցեք, բայց չենք կարծում, թե կկարողանանք կազմակերպել»: Այնտեղ երեք հայ հոգևորականներ կան, որոնք մեկնել էին վանքից ընտանիքներին այցելելու նպատակով՝ վերադառնալու անսասան վճռականությամբ: Այժմ ադրբեջանցիները նրանց թույլ չեն տալիս վերադառնալ, և վանքում կմնան միայն երկու քահանաներ ու մեկ սարկավագ: Երբ վերադառնում էինք Արցախից, վանքում մնացած քահանան զանգահարեց Վեհափառին ու զեկուցեց. «Այսօր ես ամենագեղեցիկ պատարագն եմ մատուցել: Բայց հավատացյալներ չկային, որովհետև եկեղեցին շրջապատված է ռուս զինվորներով, որոնք այն պաշտպանում են ազերիներից»: Եթե նրանք չպաշտպանեն դարավոր վանքը, ազերիները հաստատապես կներխուժեն ու կզավթեն այն:

ՀԱՐՑ. Այս տեսարանները բավականին մտահոգիչ են: Ի՞նչ պետք է անենք այսուհետ:

Լինելով իրատես՝ ես եկել եմ եզրահանգման, որ այս վճռորոշ ժամանակներում մենք՝ հայերս, ըստ էության, թողնված ենք ինքներս մեր հույսին: Այս պահին ճիշտ կլինի վերհիշել մեր կազմակերպության պատմությունը: Առաջին անգամը չէ, որ դժվար ժամանակներ ենք ապրում: Սակայն հայերը, հատկապես նոր սերունդը, երբեք չեն կորցրել պայծառ ապագայի մտապատկերը: ՀԲԸՄ-ն տասնամյակներ շարունակ համառորեն աշխատել է հանուն հայերի կյանքերի բարելավման անկախ այն հանգամանքից, թե ինչ իշխանությունների օրոք են նրանք ապրում:

Արցախում մնացած մարդիկ ամենախոցելին են, քանի որ դիմակայում են հայ ինքնությունն ու պատմությունը բնաջնջելուն ուղղված սպառնալիքները: Սակայն ՀԲԸՄ-ն, ինչպես և մյուս դերակատարները, ունեն միջոցներ և փորձ՝ օգնելու նրանց պահպանելու իրենց հայկական ինքնությունը՝ լեզուն, կրոնը, ավանդույթներններն ու պատմության ու գլոբալ հայ համայնքին պատկանելու հպարտության զգացումը: Մենք այդ ամենը արել ենք Սփյուռքում,  այն հյուրընկալող երկրներում, որտեղ ողջունում են մեր ներկայությունը որպես փոքրամասնություն և գնահատում են մեր մշակույթը, և մինչև անգամ՝ ոչ այնքան հարազատ երկրներում: Սա մի ուղղություն է, որով պետք է սկսենք աշխատել քանի դեռ ուշ չէ. ճիշտ այնպես, ինչպես արեցինք 1915 թվականի Ցեղասպանությունից հետո:

Մենք պետք է ակտիվ և ռազմավարական միջոցներով նախապատրաստվենք բոլոր սցենարներին՝ անցյալից քաղելով դասեր և նորարար մոտեցումներով ապահովելով մեր երիտասարդության ներգրավվածությունը: Միայն կենսական վերելքին և մարդկանց առաջընթացին ուղղված գործուն քայլերով կարող ենք կրկին բոցավառել գոյատևման հայկական ոգին: Այս պահին կրակը թույլ է, բայց այն երբեք չի մարել, և այդ է պատճառը, որ իրատես լինելով հանդերձ, ես հույսով եմ լցված ապագայի հանդեպ: Ղեկավարության մասով մեզ անհրաժեշտ են ավելի մեծ դիվանագիտական հմտություններ և քաղաքական հասունություն, այսինքն՝ իմաստուն, փորձառու, երկրի ու ազգի ապագայի տեսլական ունեցող առաջնորդներ:

ՀԱՐՑ. Իսկ ի՞նչ կասեք նախքան պատերազմը Արցախում ՀԲԸՄ- ընթացիկ ծրագրերի մասին:

Վազգեն Յակուբյանն ու ես հանդիպեցինք Արցախում ՀԲԸՄ ծրագրերի շահառուներին: Երկուսս էլ չափազանց տպավորված էինք հանդիպման մասնակիցների՝ մաքառելու և բարգավաճելու վճռականությամբ: Մենք հանդիպեցինք ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի շահառուներից մի քանիսին. այս ծրագիրը միտված է օգնելու կանանց հասնել ֆինանսական ինքնուրույնության: Մասնակիցներից մեկը սկսել է տնական թեյի արտադրություն. նրա արտադրանքի որակը կարող է մրցել Եվրոպայում առաջարկվող թեյերի հետ: Մեկ այլ կին հիմնել է մաշկի խնամքի ձեռնարկություն, որն առաջընթաց է գրանցել անգամ համավարակի օրերին: Մեկ այլ կին էլ պատմեց, որ պատրաստվում է բացել հոգեբանական բարեկեցության և աջակցության կենտրոն, ինչպես նաև սոցիալական կենտրոն, որպեսզի ընտանիքները կարողանան միասին ժամանակ անցկացնել այս օրերին: Համայնքի այս անդամների միջև համերաշխության աննկարագրելի զգացողություն կա:

Մենք հանդիպեցինք նաև Արցախում ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրի մասնակիցներին, որը նախքան պատերազմը վստահ քայլերով առաջ էր ընթանում՝ օգնելով երիտասարդներին ու չափահասներին անգլերեն սովորելու և այլ հմտություններ ձեռք բերելու գործում՝ խթանելով նրանց աշխատանքային գործունեությունը կարևորագույն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը և հանրային կառավարումը: Թեև նրանց կյանքը տակնուվրա է եղել, նրանք շարունակում են ներկայանալ դասընթացներին ամեն օր և առաջ ընթանալ: ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրի այս տարվա շրջանավարտները դասընթացի ավարտն են նշելու հունիսին: Ստեփանակերտի ԹՈՒՄՈXՀԲԸՄ կենտրոնը ևս վերաբացել է իր դռները, և սաները մեզ զարմացնում են գյուտարարության և ստեղծարար ծրագրեր մշակելու իրենց հմտությունները զարգացնելու պատրաստակամությամբ: Այս ամենից զատ, մենք հայտնում ենք մեր հանձնառությունը՝ տարածաշրջանում իրականացվող օգնության և վերակառուցման նախաձեռնությունները բազմապատկելու գործում: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը Էջմիածնի հովանու ներքո Ստեփանակերտում կառուցելու նոր մանկապարտեզ՝ Հադրութից և այլ վայրերից տեղահանված երեխաների համար: Մենք նաև որոշել ենք աջակցության ծրագիր մշակել տեղի հոգևորականության համար, որի դերը չափազանց կարևոր է այս իրավիճակում:

ՀԱՐՑ. Ունե՞ք այլ ամփոփիչ մտքեր:

Ինձ թվում էր, որ Հայաստանի ազգային ինքնությունը վերասահմանվել է 1990-ականներին Ադրբեջանի նկատմամբ տարած ռազմական հաղթանակով և պատմական հայկական հողերի վերադարձով: Այսօր մարդիկ պետք է չհայտնվեն մեկ այլ ծայրահեղության մեջ և իրենց չհամարեն զոհեր, քանզի դրանով նրանք իրենց ազատում են պարտավորություններից՝ որպես անհատ և որպես ազգ: ՀԲԸՄ-ն կօգնի որդեգրել դիմացկունության ինքնություն՝ նշանավորելով հայկական մշակույթն ու ձևավորելով մեր ինքնությունը, աշխատանքային պատրաստականության և հմտությունների կատարելագործման միջոցով զարգացնելով հարաճուն բարեկեցության հնարավորությունները՝ միաժամանակ տարածելով համերաշխության ուղերձներ և հավատ առ այն, ինչ անում ենք:

ՀԱՐՑ. Ի՞նչ կարող են անել աշխարհի հայերը, որպեսզի այդ ամենը իրականություն դառնա:

Մեզ համար խիստ կարևոր են բոլոր նրանք, ովքեր կիսում են առաջընթաց ապահովելու մեր վճռականությունը՝ ի հեճուկս լրջագույն խոչընդոտների: Մեզ հարկավոր են մենթորներ, մասնագետներ, գործընկերություններ, տեխնիկական խորհրդատվություն, երկրում և երկրից դուրս ապրող տաղանդավոր և բանիմաց մարդկանց ոգեշնչումից ծնված գաղափարներ: Մենք խնդրում ենք համապատասխան միջոցներ ունեցող բոլոր մարդկանց ավելի առատաձեռն նվիրատվություն անել, եթե անգամ ձեր ներդրման արդյունքները տեսնելու ռիսկը ավելի մեծ է, քան նախկինում: Մենք ունենք փորձ, տեղական և գլոբալ ցանցեր, միջազգային համագործակցություն մարդկանց կյանքը վերափոխելու համար: Մենք բաց ենք համագործակցության համար, երբ ընդհանուր եզր ենք գտնում կառավարության հետ: Սակայն այսօր հրատապ կարիքն այնքան մեծ է ու իրական, որ մեզ թույլ չի տալիս սպասել, մինչև քաղաքականությունը հասնի մեր առջև ծառացած գերակա խնդիրներին:

Արցախում ՀԲԸՄ ծրագրերի, ինչպես նաև ներգրավվելու և նվիրատվություն կատարելու մասին հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք կապ հաստատել ՀԲԸՄ զարգացման և արտաքին կապերի հարցերով տնօրեն Քերըն Փափազյանի հետ էլ. Փոստի հետևյալ հասցեով` kpapazian@agbu.org:

Նյութն անգերենով ներբեռնե՛ք այստեղ, արևմտահայերենով՝ այստեղ:

 

 

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)  աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին և Նյու Յորքում գտնվող գլխամասային գրասենյակով՝ ՀԲԸՄ-ն կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի առնչվելով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքին:

ՀԲԸՄ-ի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել  www.agbu.org  կայքէջում: ՀԲԸՄ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք  www.agbu.am  կայքէջ:

Más leídas