Բուենոս Այրեսի Ազատության պալատի գլխավոր համերգասրահում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ. մենակատարներ՝ Գոռ Սուջյան, Ինգա Արշակյան: Հրավիրված հյուր՝ Ֆանի Ռոզ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Արգենտինայում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպաններ Հովհաննես Վիրաբյանը և Ռոման Նադալը, Արգենտինայի մշակույթի քարտուղարության ներկայացուցիչ Գաստոն Պուլերոն:
Համերգին ներկա էին Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրին, պաշտոնյաներ տարբեր գերատեսչություններից, դեսպաններ, քաղաքական և հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգի ավարտին Դեպորտիվո Արմենիո ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները նվագախմբի անդամներին նվիրեցին Շառլ Ազնավուրի 100-ամյակի առիթով շրջանառված մարզաշապիկներ, իսկ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի նախագահ Անտոնիո Սարաֆյանը՝ շնորհակալական հուշատախտակ:
Համերգին ներկա 1750 հանդիսատեսները ջերմ ընդունելության արժանացրեցին նվագախմբին, մենակատարներին, որոնց կատարումներն ուղեկցվում էին հոտնկայս ծափահարություններով:
Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների աջակցությամբ, Շառլ Ազնավուր 100 միջոցառումների շրջանակում:
Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում:
Միջոցառման կազմակերպիչներ՝
Արգենտինայում Հայաստանի դեսպանություն,
Արգենտինայում Ֆրանսիայի դեսպանություն,
Արգենտինայի մշակույթի քարտուղարություն,
ՀԲԸՄ Բուենոս Այրես