Արգենտինայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուենոս Այրեսում այցելել է «Մարաշ» հայրենակցական միություն, որտեղ ծանոթացել է կառույցի գործունեությանն ու հանդիպում ունեցել կազմակերպության նախագահ Ռիկարդո Վանեսկեհեանի հետ։
Հանդիպման շրջանակում Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի ծրագրերն ու խոսել համագործակցության հնարավորությունների մասին։ Իրենց հերթին միության ներկայացուցիչները խոսել են կառույցի աշխատանքների և հիմնադրման 100 ամյակին նվիրված միջոցառումների մասին։
Գլխավոր հանձնակատարն այցի շրջանակում հյուրընկալվել է նաև Արգենտինայի հայկական կենտրոնում (Centro Armenio de la República Argentina)՝ ծանոթանալով կառույցի գործընեությանն ու ընթացի ծրագրերին։ Կառույցի նախագահ Արամ Կարագյոզյանի և անդամների հետ քննարկվել են Հայաստան-սփյուռք համագործակցության հարցերի լայն շրջանակ։
ՍինանյաննԶարեհ այցելել է նաև Բուենոս Այրեսի «Թեքեյան» մշակութային ասոցիացիա, որտեղ հանդիպում է ունեցել կառույցի ղեկավար Սերխիո Նահապետյանի և ասոցիացիայի անդամների հետ։ Քննարկման առանցքում եղել են Արգենտինայում հայկական ինքնության և մշակույթի պահպանման հարցերն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև գրասենյակի հետ համագործակցության զարգացման հեռանկարները։
Բուենոս Այրեսում Հնչակյան կուսակցության «Շարժում» մշակութային կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են հայապահպանությանն առնչվող տարաբնույթ հարցեր, մտքեր են փոխանակվել նաև տեղի հայ համայնքի և Հայաստանի միջև երկխոսության զարգացման հարցերի շուրջ։
Բուենոս Այրեսում տեղի ունեցած հանդիպումներին ներկա է գտնվել նաև Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը։
Արգենտինայի մայրաքաղաքում Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Արգենտինայի հայկական հաստատությունների (Instituciones Armenias de la República Argentina/ IARA) երիտասարդական խորհրդի հետ։
Հանդիպմանը մասնակցել են խորհրդին անդամակցող ՀԲԸՄ երիտասարդական թևն ու սկաուտական խումբը, Բուենուս Այրեսի հայկական կենտրոնի (Centro Armenio) երիտասարդական թևի ներկայացուցիչներն ու այլ կառույցների անդամներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սփյուռքի երիտասարդների ներգրավմանն ուղղված նախաձեռնությունները։ Զարեհ Սինանյանը, մասնավորապես, ներկայացրել է «իԳործ», «Սփյուռքի երիտասարդ դեսպան», «Քայլ դեպի տուն» ծրագրերն ու խոսել հաջորդ տարի կայանալիք Ազգային երիտասարդական համաժողովի մասին։
Գլխավոր հանձնակատարը պատասխանել է նաև երիտասարդների բազմաթիվ հարցերին։