Արգենտինայի հայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպել՝ ջանալով իրազկել օտարազգի հանրությանը, թե ինչ է կատարվում Արցախում, Ադրբեջանը պատերազմական ինչպիսի հանցագործություններ է իրականացրել Արցախում ու շարունակում է ցեղասպան քաղաքականությունը։
Արգենտինայի հայերը, «Ադրբեջան՝ մարդասպան», «Թուրքական ցեղասպանությունը շարունակում է Ադրբեջանը», «120 հազար արցախցի ենթարկել է էթնիկ զտման» գրություններով պաստառները ձեռքներին, պահանջում են պատասխանատվության ենթարկել ահաբեկիչ Ադրբեջանին։
Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների (IARA) նախագահ Ալեխանդրո Կալփաքյանն ընթերցել է հայ համայնքի ելույթը՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի հայ խաղաղ բնակչության էթնիկ զտումները:
«Մեր հայրենակիցներն ապրել և ապրում են իրենց կյանքի ամենավատ օրերը Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերից հետո: Ադրբեջանը չհարգեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագիրը և 2022 թվականի դեկտեմբերի 12-ին արգելափակվեց Լաչինի միջանցքը՝ միակ ճանապարհը, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին: Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմը չի հարգել նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը՝ Լաչինի միջանցքով տեղաշարժն ապահովելու վերաբերյալ»,-ասել է նա:
Ռամկավար Ազատական Կուսակցության Հարավային Ամերիկայի «Սարդարապատ» պաշտոնաթերթի խմբագիր Սուզան Նահապետեանը Azg.am-ին է տրամադրել լուսանկարներ՝ բողոքի ցույցից։