SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 22 de Noviembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Locales - Դեպի վաղվա Հայաստան
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Հովհաննես Վիրաբյան
21 de Septiembre de 2021

hovhannes virabyanԱրգենտինյան Հանրապետության, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Հովհաննես Վիրաբյան 

Դեպի վաղվա Հայաստան

Հայոց ժամանակակից պատմության մեջ կա մեկ բեկումնային դրվագ, որի ազդեցությամբ ուրվագծվեց հետագա ճանապարհը ու որը դարձավ մեր ազգային հոգեկերտվածքի հենասյուն։

Խոսքը Սարդարապատի մասին է. ճակատամարտ, որի արդյունքով էր պայմանավորված հայ ազգի գոյությունը։ 1918 թվականի մայիսի 21-ին Երևանից ընդամենը քառասուն կիլոմետր այն կողմ հայ ազգը կենացմահու պայքար էր մղում թշնամու դեմ՝ հանուն իր գոյության։

Սարդարապատում հայերի հաղթանակը թույլ տվեց հռչակել Հայաստանի ժողովրդավարական հանրապետության անկախությունը։ Հայ ազգը վաստակեց պետություն ունենալու իրավունքը։ Սարդարապատի պատերազմի ավարտը դարձավ նոր սկիզբ։

Այդ հաղթանակը որպես խորհրդանիշ ուղեկցեց Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծմանը։ Երեսուն տարի առաջ հայտարարվեց մեր երիտասարդ հանրապետության սկիզբը՝ հիմնված երիտասարդական երազանքների վրա, որոնք, անկասկած, հնարավորություններից մեծ էին։ Երազանքները դարձան շարժիչ ուժ։ Հայ ազգը հավատաց և համախմբվեց։ Համախմբվեց հանուն միասնության և ապագայի՝ հաղթահարելով անասելի խոչընդոտներ։ Ունեցանք մեծ հաղթանակ Արցախյան առաջին պատերազմում։ Հաղթանակը իմաստավորվեց ամեն ինչ, ամեն զրկանք, ամեն կորուստ դարձրեց պատճառաբանված։ Հաղթանակով մեկնարկեցինք մեր նորանկախ պետության կառուցումը։

Միասին՝ աշխարհի ողջ հայությամբ, կերտեցինք Հայաստանի Հանրապետությունը, մեր սխալներով, ձեռքբերումներով, նվաճումներով ու թերացումներով, վայր ընկնելով ու վեր կենալով։ Մեր բոլոր սպասումներն ու պահանջները դրեցինք երիտասարդ պետության ուսերին։ Սեփական զավակի նման հպարտացանք յուրաքանչյուր հաջողությամբ և անողորդ ծնողական նախատիքի արժանացավ վերջինիս յուրքանչյուր սխալ քայլ, թերացում։ Այդ ընթացքում, ժամանակի բթացնող ուժը երբեմն-երբեմն ստիպում էր մոռանալ այն պայմանները, որում ապրում էր և դիմակայում մեր Հայրենիքը։ Երեսուն տարվա ընթացքում, ավաղ, ժամանակ առ ժամանակ անտեսում էինք, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր և վաղը մեր միակ հույսը մենք ենք։

Ունեցանք մեծ անկում։ Քառասունչօրսյա պայքար մի պատերազմում, որը ո՛չ մարդու կռիվ էր, ո՛չ էլ մարդկային կանոններ էր ճանաչում։ Քառասունչօրս օրվա դիմադրություն, որը միայն բացատրվում է խենթ հայի անկոտրում կամքով ու հայրենասիրությամբ։ Սարդարապատից մեջբերեմ՝ «Մենք չհանգանք՝ դեռ կգանք»։

Իսկ այսօր ամուր կանգնելուն այլընտրանք չկա։ Այսօր պետք է երազել մեծ՝ չվախենալով երազանքների մեծությունից։ Պարզապես մեծ երազանքները իրականացվում են առավել մե՛ծ աշխատանքով, առավել մե՛ծ ջանասիրությամբ, առավել մե՛ծ համառությամբ և հանձնառությամբ։ Երազանքներն իրականություն դարձնելու համար պետք է տեսլական ունենալ, տրոհել սովորել՝ ծրագիր, քայլերի հաջորդականություն ձևավորել։ Կենացների ժամանակը վաղուց անցել է։ Հայրենիքը բառերով սիրելը հեշտ է, բարեկեցիկ և հաջողակ Հայրենիքը սիրելը՝ նույնպես։ Կառուցե՛նք այն ապահով և բարեկեցիկ Հայրենիքը, որը սիրելը հեշտ կլինի մեր զավակների համար։ Եվ սովորեցնե՛նք մեր զավակներին, որ իրեն հայ համարող յուրաքանչյուր ոք պատասխանատու է մեր Հայրենիքի առջև։

Մենք մեզ պետք է ճանաչենք Սարդարապատից. այն յուրաքանչյուրիս մեջ է. հավատքն առ այն, որ նույնիսկ ամենադժվարին պայմաններում փրկություն կա։ Ինչպես ասվում է՝ «երբ չի լինում ելք ու ճար; խենթերն են գտում հնար»։ Մեր պատմությունից դասեր քաղենք. դադարենք խենթեր և մնացյալ մարդիկ բաժանումով ապրել. խենթեր, որոնք պետք է հնար գտնեն, և մնացյալը, որոնք հույսը դրել են խենթերի վրա։ Յուրքանչյուրս պետք է այնքան խենթ լինի, որ կարողանա հնար գտնել, և այնքան ողջամիտ, որ գիտակցի, որ ինչքան ամուր ես կանգնած քո հողի վրա ու ինչքան աշխատանք ես կատարում, այնքան առավել հեշտ ես հնար գտնում։

Երեսուն տարին ճիշտ ժամանակն է առաջ նայելու։ Մենք գալիս ենք հազարամյակներից, բայց անցնելիք ճամփան ավելի երկար է։ Առանց սեփական պատմությունը հիշելու, արժեքավորելու և դասեր քաղելու չկա ապագա, սակայն այդ ամենը պետք է լինի հանուն ապագայի, մեր երազանքներն ու աշխատանքը պետք է լինեն հանուն ապագայի։

Երեսուն տարվա ընթացքում տեսել ենք թե՛ հաղթանակ, և թե՛ պարտություն։ Այսօր վերաիմաստավորված անցյալով առաջ քայլելու ժամանակն է։ Ապագան լուսավոր է լինելու, սակայն ճանապարհը կրկին խրթին է։ Հնար կգտնենք։ Սարդարապատի զավակներն ենք, ու խենթերի արյան կրողները։ Ապագայի կառուցման հետհաշվարկը սկսված է և, թե ինչպիսին է լինելու հաջորդ երեսուն տարին՝ կախված է մեզանից։ Ես հավատում եմ, որ հաջողելու ենք։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը և այն Հայաստանը, որը վաղն է գալու։

Más leídas