Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Արմենիա պողոտայի վրա գտնվող Թեքեյան մշակութային միության կենտրոնատեղին վերաբացվել է։ Շուրջ 2 տարի տևած վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, կենտրոնն արդեն սպասում է արվեստասեր հանրությանը։
Թեքեյան մշակութային միության կենտրոնատեղիի հանդիսավոր բացմանը ներկա էին քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ազգային-եկեղեցական գործիչներ, արվեստի հետ կապված մարդիկ, որոնք մինչև կենտրոնի վերանորոգումը ևս այս հաստատությունը հարազատ օջախ են համարել։Հանդիսությանը մասնակցելու համար Բուենոս Այրես են ժամանել տարբեր հայ գաղութներից ԹՄՄական ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ ԹՄՄ Միացյալ Նահանգների եւ Կանադայի Կենտրոնական վարչության ատենապետ, ՌԱԿ հանրահայտ գործիչ եւ հրապարակագիր Երվանդ Ազատյանի։Շրջելով վերանորոգված շենքում՝ Երվանդ Ազատյանն իր գոհունակությունն է հայտնել հայթայթված գումարների նպատակային օգտագործման համար, հիշել, որ 46 տարի առաջ ինքը մեծ բարերար Ալեք Մանուկյանի հետ եղել է նույն շենքի բացման արարողությանը, որով, ինչպես հարեւանությամբ գտնվող ՀԲԸՄիության կենտրոնի բացումով, սկիզբ էր դրվել արգենտինահայության ազգային կյանքի վերածննդին։