SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 21 de Noviembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Iglesia - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
05 de Noviembre de 2023

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

Ժողովն ատենապետեցին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Հայրենական կյանքում ստեղծված կացության, աշխարհաքաղաքական առկա իրավիճակի և այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության անվտանգային հիմնախնդիրների, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, նրանց կեցության ապահովման և հումանիտար աջակցության ծրագրերի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը, ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Մայր Աթոռի սոցիալական ծառայության վարչական խորհրդի ատենապետ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով Արցախի ամբողջական հայաթափմանը՝ ԳՀԽ-ն ընդգծեց բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության կենսական անհրաժեշտությունը։ Խիստ կարևորվեց արցախցիներին ուղղված հոգևոր խնամատարական, հումանիտար և հոգեբանական աջակցության ծրագրերի շարունակական իրագործումը, կեցության պայմանների բարելավման և զբաղվածության ապահովման ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

Մտահոգությամբ անդրադարձ կատարվեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը։ Անհրաժեշտ համարվեց, որ միջազգային, միջեկեղեցական ու միջկրոնական, այլև բոլոր հնարավոր այլ հարթակներում հետևողականորեն ներկայացվեն հայկական հուշարձանների, սրբավայրերի ու գերեզմանատների նկատմամբ արձանագրված ոտնձգությունները և աշխատանքներ իրականացվեն հայկական ժառանգության անխաթար պահպանության ուղղությամբ։

Ժողովում որոշվեց նաև, որ Արցախի թեմը ստեղծված կացության պայմաններում շարունակելու է պահպանել իր կարգավիճակը և գործել համաձայն եկեղեցական-կանոնական սկզբունքների։

Հանրակրթության ոլորտում հայագիտական առարկաների ծրագրերի բովանդակային ընդգրկվածության և կիրակնօրյա դպրոցների ուսումնական ծրագրերի վերաբերյալ զեկույցներով հանդես եկավ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Հայր Սուրբը ժողովականներին տեղեկություններ փոխանցեց 2023-24 թթ․ նոր չափորոշիչների հիման վրա հրատարակված հայագիտական առարկաների ծրագրերի վերաբերյալ։

Մասնավոր անդրադարձ կատարվեց Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքին, որում առկա են ինչպես պատմական, այնպես էլ եկեղեցագիտական սխալներ ու բացթողումներ։ Խիստ անընդունելի համարվեց, որ դասագրքերի պատրաստման գործընթացում դրանց բովանդակության մեջ տեղ են գտել գիտական համընդհանուր ճանաչում ստացած, ինչպես և Եկեղեցու կողմից նվիրագործված սկզբունքներին ու դիրքորոշումներին հակասող անհատական տեսակետներ ու վարկածներ։

Քննարկումների արդյունքում հանձնարարականներ տրվեցին պատկան կառույցների հետ անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել հանրակրթության ծրագրերից բացառելու բովանդակային նման շեղումներն ու աղճատումները։

Կիրակնօրյա դպրոցների ուսումնական ծրագրի առնչությամբ ԳՀԽ-ն որոշեց թեմակալ առաջնորդների և համապատասխան մասնագետների ընդլայնված քննարկումներ կազմակերպել՝ կարևորելով սերունդների հոգևոր դաստիարակության ու կրթության առաքելությունը։

Հայաստանում ամուսնությունների և ծնելիության նվազման, ամուսնալուծությունների աճի, թմրամոլության տարածվածության, կրոնական կազմակերպությունների մարդորսական գործունեության մասին զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի Իրավախորհրդատվական հանձնախմբի անդամ Արա Զոհրաբյանը, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի՝ աղանդագիտության դասախոս Տ․ Ղևոնդ ավագ քահանա Մայիլյանը։

Արձանագրվեց, որ երկրի ապագայի և ազգային անվտանգության համատեքստում խիստ սպառնալից են հիշյալ ոլորտներում տիրող իրավիճակները և ահագնացող միտումները։ Առկա հանգամանքները նկատի առնելով՝ կարևորվեց հովվական խնամքի և հոգևոր քարոզչության շրջանակներում հատուկ աշխատանքների իրականացումը՝ ի զորացում ընտանեկան, ազգային և բարոյական արժեհամակարգի։

Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվեցին նաև Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր:

Más leídas