SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Jueves 26 de Diciembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Diáspora - Ի՞նչ Է Լինելու Դրանց Ճակատագիրը
Արցախի Պատմամշակութային Արժէքները, Եկեղեցիները Յանձնւում Են Ազրպէյճանին․
23 de Diciembre de 2020

Այս համարով կ՛աւարտենք ներկայացնել Շուշիի պատմամշակութային արժէքները, որոնք այսօր յայտնուել են թշնամու ձեռքում։

Բոլորին է յայտնի, թէ Շուշին իր աշխարհագրական դիրքի շնորհիւ ինչպիսի անառիկութիւն ունի եւ այն գրաւելն այնքան էլ հեշտ չէր։ Շուշիի յանձնման մասին հազիւ թէ կարողանանք հաստատուած տեղեկութիւն լսել, քանի որ ազատամարտիկների, զինուորների եւ ականատեսների պատմածի համաձայն Շուշիում կատարուել է դաւաճանութիւն, որի արդիւնքում բերդաքաղաքը ծնկել է։

Սակայն մէկ բան յստակ է՝ հայկական կանոնաւոր բանակը, ժամկէտային զինծառայողներն ու սպաները կռուել են մինչեւ վերջին փամփուշտը, մինչեւ արեան վերջին կաթիլը։ Ցաւօք այսօր դէպի Շուշի տանող ճանապարհին ծածանւում է ազրպէյճանական ու թուրքական դրօշները, դրան գումարած ռուսական խաղաղապահ առաքելութիւնը։ Թշնամին ամեն օր հրապարակում է տեսանիւթեր, թէ ինչպէս են պղծում հայկական խաչքարերը, մտնում մարդկանց տներ, ջարդում եւ փշրում ամեն ինչ։ Պատկերը անասելի մեծ ցաւ է պատճառում։

Շուշիի սիրտը, քաղաքի ճերմակ գեղեցկուհին։ Ղազանչեցոց Ամենափրկիչ սուրբ եկեղեցին

Շուշիի կեդրոնում հպարտ կանգնած ճերմակ եկեղեցին պատերազմի ժամանակ երկու անգամ հրթիռակոծուել է, վնասուել գմբէթը։ Սպիտակազարդ գեղեցկուհին այսօր մենակ է մնացել թշնամու բարբարոսների դէմ։ Ղազանչեցոցը թշնամական զինուորների կողմից արդեն իսկ պղծուել է։

Եկեղեցին կառուցուել է 1868-1887 թուականներին։ Հանդիսանում է Արցախի խորհրդանիշներից մէկը։ Եկեղեցին հարուստ է զարդաքանդակներով՝ դռներին, լուսամուտների կամարների վրայ եւ այլուր։ Լուսամուտներն ունեն 1 մեթր լայնութիւն, 5 մեթր բարձրութիւն։ Պատերին առկայ են հայատառ բազմաթիւ արձանագրութիւններ։

 Տաճարը յիշատակւում է Մեսրոպ Տախիդեանի «Ճամփորդութիւն դէպի Հայաստան» գրքում (1820 թ.)։ Շահեն Մկրտչեանի կարծիքով դա այն պատճառով է, որ զանգակատունը կառուցուել է եկեղեցուց աւելի վաղ, եւ տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մի այլ եկեղեցի։

Մինչ նոր եկեղեցին կառուցելը ճարտարապետները կանգնել են մի մեծ խնդրի առջեւ։ Ամեն պատարագից առաջ հարկաւոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողութիւն խնդրեր մէկ այլ քահանայից, եւ լսեր այս խօսքերը. «Թող քո ականջները լսեն, թէ ինչ են բարբառում քո շուրթերը», սակայն եկեղեցին ունէր միայն մէկ քահանայ, այդ իսկ պատճառով ճարտարապետներ որոշեցին կառուցել մի ընդհատակեայ սենեակ, որտեղ տեղի կ՛ունենար հրաշքը՝ քահանան թողութիւն էր խնդրում լսելով իր սեփական ձայնը՝ ասելով. «Թող իմ ականջները լսեն, թէ ինչ են բարբառում իմ շուրթերը»։ Այս երեւոյթը միակն է աշխարհում եւ այն մինչեւ հիմա էլ գործում է Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցում։

Զանգակատունը կառուցուել է շուշեցի Աբրահամ Խանդամիրեանցի կողմից։ 

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»-ի Երեւանի Աշխատակից

Más leídas