SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 22 de Noviembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Diáspora - ՌԱԿ Մամուլի Առցանց 18-րդ Լսարան
Կայացաւ «Արցախի Ներկան Եւ Ապագայի Տեսլականը»
07 de Febrero de 2022

Կամք Ունենք, Ուզում Ենք Ապաքինուել․ Դաւիթ Բաբայեան

«Զարթօնք», «Արեւ» եւ «Սարտարապատ թերթերը վերսկում են «Այժմէական Հարցերու Բազմաձայն Քննարկումներ» ընդհանուր թեմայով՝ Մամուլի առցանց լսարանների շարքը, այս անգամ աւելի եւս ընդլայնուած հովանիով՝ «ՌԱԿ Համադրուած Մամուլ» անուան տակ (Ռամկավար Ազատական Կուսակցութեան աշխարհասփիւռ 8 մամլոյ օրկաններով)։

«Արցախի Ներկան եւ Ապագայի Տեսլականը» խորագրով 18-րդ Առցանց լսարանի հիւրը Արցախի արտգործնախարար Դաւիթ Բաբայեանն էր։ Արցախի արտգործնախարարը խօսեց յետպատերազմական Արցախի վիճակի մասին, հայկական երկրորդ հանրապետութեան ապագայի եւ անելիքների մասին։

Առցանց լսարանը վարեց Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը, ով իր խօսքի սկզբում 44-օրեայ պատերազմի օրերից դրուագ մը յիշատակեց, երբ Պրն. Դաւիթ Բաբայեանին հետ միասին եղել են Ստեփանակերտի զինուորական լրատուական շտաբի ապաստանարանում երբ դուրսը ռումբերու տարափ էր: Յակոբեան ըսաւ, որ այդ օր Աստուած մեզի պահեց, սակայն շատ լոյս երիտասարդներ զոհուեցին, պատերազմը պարտութեամբ աւարտուեց, Արցախը անդամահատուեց, սակայն վերապրեց իր ժողովուրդին կամքով: Ան այս մէջբերումով Արցախի պատերազմական դառն օրերի անցեալը կապեց անոր ներկայի եւ ապագայի տեսլականին հետ: Յակոբեան ապա երախտագիտութիւն յայտնեց բանախօսին եւ հիւրերին մասնակցութեան համար։

Դաւիթ Բաբայեանը, խօսելով Արցախի այսօրուայ վիճակի մասին, նշեց՝ Արցախում այսօր բարդ իրավիճակ է, բայց, կարծես, ապաքինման գործընթացն ընթանում է, ուստի անելիքները շատ են։ «Դուք տեսնում էք ինչպիսի խոցուած ու ծանր վիրաւորուած վիճակում է։ Ես Արցախը համեմատում եմ վիրաւոր մարտիկի հետ, ով կորցրել է ձեռքը, ոտքը, աչքը, բայց կենդանի է։ Սա արդեն իսկ նշանակում է, որ կամք ունենք, ուզում ենք ապաքինուել»,- ասաց բանախօսը։

Դաւիթ Բաբայեան

Արցախցի պաշտօնեան մէկ կարեւոր հանգամանքի վրայ ներկաների ուշադրութիւնը հրաւիրեց, որ այսօրուայ իրավիճակում շատ կարեւոր է լինել հայամէտ, շատ կարեւոր է ճիշտ քաղաքականութիւն վարել, քանի որ Արցախը շրջապատուած է թշնամիներով։

Նրա խօսքով՝ Ազրպէյճանը չի հրաժարւում իր քաղաքականութիւնից, փորձում է հոգեբանօրէն ճնշել արցախցիներին, ֆիզիքապէս չի կարող յարձակուել, քանի որ Արցախի ամբողջ տարածքով ռուս խաղաղապահներ են տեղակայուած եւ յարձակումը Արցախի վրայ, կը նշանակի յարձակում Ռուսաստանի վրայ։ «Միայնակ Արցախը արդեն իսկ ի վիճակի չէ պաշտպանուել, բայց դա չի նշանակում, որ անվտանգութիւն չենք կարող պահպանել։ Անվտանգութիւնը միայն ռազմական չի լինում, պէտք է ճիշտ արտաքին քաղաքականութիւն վարել։ Ո՛չ Հայաստանը ո՛չ Արցախը միայնակ ի վիճակի չեն ռազմական առումով պաշտպանուել։ Կողքը Թուրքիան է, որն ունի 86 մլն բնակչութիւն, 700 հազար կանոնաւոր բանակ։ Այս ահռելի ուժի կողքին  մենք հաւասարակշռութիւնը կարող ենք պահել միայն ճիշտ արտաքին քաղաքականութիւն վարելով։ Անգամ այս վիրաւոր վիճակում, Արցախը մեծ դեր ունի աշխարհաքաղաքական իրողութիւններում, որովհետեւ եթէ չլինի Արցախը, ամբողջ Անդրկովկասը կարող է անցնել Թուրքիայի տիրապետութեան տակ»,- ընդգծեց Դաւիթ Բաբայեանը։

Այս համատեքստում, օրինակ բերելով Ղազախստանի վերջին դէպքերը, Բաբայեանն ասաց՝ այնտեղ փանթուրքիստական ծրագիրը ձախողուեց․ «Հայ ժողովուրդը խելացի է, բայց ունի խնդիրներ համախմբուածութեան հետ կապուած»։

Խօսելով Արցախի յետպատերազմական վիճակի մասին, արտգործնախարարը ներկայացրեց, որ այսօր մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում, սոցիալ-տնտեսական կարեւորագոյն նախագծեր են իրականացւում, կեանքը կարծես ընթանում է բնականոն հունով։ «Իսկապէս, ես չեմ ուզում չափազանցութիւն լինի, բայց ամեն ինչ կախուած է մեզանից։ Եթէ մենք ունենանք արժանապատուութիւն, հաւատք, սէր մէկը միւսի նկատմամբ, մենք կը կարողանանք պահպանել այն, ինչ մնացել է։ Բայց եթէ մենք հայրենասիրութիւն չունենանք, գերադասենք անձնական շահը պետականից, միանշանակ կործանուելու ենք։ Մէկ մարդուց շատ բան է կախուած, հաւատացէք»,- վստահաբար նշեց Դաւիթ Բաբայեանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի ու Արցախի կայունութեան  համար մեծ դեր ունի համայն հայութիւնը։ Դաւիթ Բաբայեանի ներածական խօսքից յետոյ հանդիպման մասնակիցները տարբեր՝ իրենց յուզող հարցեր ուղղեցին արտգործնախարարին։

Ներկաներից Գէորգ Մարաշլեանը հետաքրքրուեց, եթէ արցախցիները ամբողջութեամբ ռուսական քաղաքացիութիւն ստանան, Արցախը կը շարունակի՞ գտնուել Ազրպէյճանի կազմում յայտնուելու վտանգի առջեւ։

«Այստեղ խնդիրը ՌԴ քաղաքացիութիւն ստանալը չէ։ ՌԴ քաղաքացիութիւն ստանալն այսօր շատ աւելի հեշտ է։ Ռուսաստանը ազատականացրել է քաղաքացիութիւն ստանալու կարգը։ Խնդիրն այն է, որ մեզ համար կարմիր գիծ է Ազրպէյճանի կազմում լինելը, մենք չենք կարող լինել Ազրպէյճանի կազմում։ Դա հնարաւոր չէ։ Մենք իրենցից պրծել են, այն էլ խորհրդային տարիներին։ Այն ժամանակ Ազրպէյճանը անկախ չէր, կար խորհրդային միութիւն, որը ճնշում էր ցանկացած ազգայնական շարժումներ։ Հիմա Ազրպէյճանը անկախ երկիր է, որտեղ հայատեացութիւնը պետական գաղափարախօսութիւն է։ Մենք պէտք է առանց զգայնականութեան հասկանանք՝ ի՞նչ է Ազրպէյճանը։ Ազրպէյճանը բազմազգ պետութիւն է, որը վերջնականապէս ձեւաւորուած չէ։ Այդ երկրում կան բազմաթիւ էթնիկ խնդիրներ։ Եւ այս պարագայում  ղարաբաղեան հակամարտութիւնը կամաւոր լուծում չունի։ Կամ ռազմական պէտք է լինի, իրար ոչնչացնելով, կամ սառեցնելով։ Ազրպէյճանը անգամ վերջին պատերազմի ժամանակ զաւթելով այսքան տարածք, էլի չեն հանգստանում։ Այսինքն նրանց զաւթողական քաղաքականութիւնը չի փոխւում։ Այսպիսի բարդութիւններ կան»,- հարցին պատասխանեց Դաւիթ Բաբայեանը։

Արցախում սահմանադրական փոփոխութիւնների իրականացման վերաբերեալ հնչած հարցի մասով Բաբայեանը նշեց՝ մեկնարկել է սահմանադրական փոփոխութիւնների գործընթացը։ Ներկայ Սահմանադրութիւնը, ըստ նախարարի, ունի երկու վտանգաւոր կէտ, որը անհրաժեշտ է փոփոխման ենթարկել։

«Տեսէք, մենք 2017 թուականին ընդունեցինք Արցախի երկրորդ սահմանադրութիւնը։ Այս տեսակէտից Արցախը իւրայատկութիւն ունի։ Առաջին  սահմանադրութիւնը մենք ընդունել ենք 2006 թուականին։ Մինչ այդ մենք Սահմանադրութիւն չենք ունեցել։ Այս նոր Սահմանադրութիւնը վատը չէ, բայց կան որոշ կէտեր, որոնք քննարկման ենթակայ են։ Ես կ՛անդրադառնամ երկու կէտի։ Դրանք բաւականին վտանգաւոր են։ Առաջինը՝ Ազգային ժողովի ու նախագահի ինստիտուտները ինչ-որ կերպ այս Սահմանադրութեամբ միաձուլուել են։ Ազգային ժողովի ու նախագահի ընտրութիւնները տեղի են ունենում նոյն օրը։ Մի կողմ դնենք տեխնիկական հարցերը, խառնաշփոթը։ Ընտրութիւններից յետոյ Ազգային ժողովը չի կարող, օրինակ, անվստահութիւն յայտնել նախագահին, որովհետեւ դրանից յետոյ պէտք է հրաժարական տա։ Նախագահը չի կարող արձակել Ազգային ժողովը, հակառակ դէպքում ինքն էլ պէտք է հրաժարական տա։ Մենք այն ժամանակ հարցնում էինք, եթէ օրինակ մի քանի ամիս յետոյ նախագահը որոշում է հրաժարական տալ, կամ մահանում է, կամ այլ խնդիր է լինում, ի՞նչ պէտք է լինի։ Պէտք է նոր ընտրութիւններ լինեն՝ Ազգային ժողովի ու նախագահի։ Այդքան ծախսեր, ներքաղաքական պայքար։ Սա մէկը միւսին թուլացնում է, ոչ թէ հաւասարակշռում։ Ես կարծում եմ՝ խորհրդարանը պէտք է իրաւունք ունենայ անվստահութիւն յայտնել նախագահին՝ առանց լուծարուելու եւ հակառակը»,- ներկայացրեց արցախցի պաշտօնեան։

Երկրորդը կարեւոր կէտը, որը ներկայացրեց Բաբայեանը հետեւեալն է։ Եւ այսպէս, 2006 թուականի Սահմանադրութեամբ, ընտրութիւնները կայացած էին համարում, եթէ դրան մասնակցում էր ընտրողների 20 տոկոսից աւելին։ Ներկայ սահմանադրութեամբ կապ չունի քաղաքացիների քանի տոկոսն է քվերակել․ «Եթէ օրինակ ամբողջ գիւղը չգնայ ընտրութեան, միայն այդ թեկնածուն  ընտրի, նա համարւում է ընտրուած։ Այս երկու կէտի վերաբերեալ մենք ունեցել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը։ Պատկերացրէք, եթէ այդ երկու ինստիտուտներից մէկին բան պատահի, պետական համակարգը ամբողջութեամբ կարող է կաթուածահար լինել։ Ինչու պէտք է ազգային ժողովը այսքան փոխկապակցուած լինի նախագահի ինստիտուտի հետ։ Հիմա, բարեբախտաբար, փոփոխութիւններ են տեղի ունենում»։


Առցանց լսարանի մասնակիցներից Նիւ Եորքից ներկայ մը Դաւիթ Բաբայեանից հետաքրքրուեց՝ 44-օրեայ պատերազմի ժամանակ, երբ խօսւում էր սքանտինաւեան խաղաղապահներ Արցախ ուղարկելու մասին, ինչու դէմ արտայայտուողներից մէկը հենց ինքը եղաւ․ «Ինչու՞ դուք մեծ ջանքերով սկսեցիք պայքարել դրա դէմ ու կողմ խօսել ռուս խաղաղապահների տեղակայմանը»,- հարցրեց մասնակիցը։

Արցախի արտգործնախարարը պատասխանեց՝ սքանտինաւեան երկրներից չի եղել պաշտօնական առաջարկ խաղաղապահներ ուղարկելու մասին։ «Իսկ խաղաղապահների մասին կ՛ասեմ, որ Ռուսաստանն աւելի մեծ ներուժ ունի խաղաղապահների, քան սքանտինաւեան երկրները։ Ի՛նչ էք կարծում, ռուսական խաղաղապահները աւելի վա՞տ կը կատարեն իրենց առաքելութիւնը, քան սքանտինաւեան խաղաղապահնե՞րը։ Մենք Ռուսաստանի ու ռուս ժողովրդի հետ եղբայրական ենք, բայց դա չի նշանակում, որ մենք թշնամական ենք Ամերիկայի հետ։ Սակայն, փաստն այն է, որ Ռուսաստանն ու ռուս խաղաղապահներն աւելի հեշտ են կատարում իրենց առաքելութիւնը, աւելի մօտ են։ Ես կ՛ուզէի մէկ բան էլ աւելացնել ու այս հարցը փակել։ Մենք ունենք շատ մեծ սխալ, որը Ձեզ մօտ եւս երեւում է։ Մենք երբեք որեւէ մէկին չպէտք է մեղադրենք մեզ հետ տեղի ունեցածի մէջ։ Մեր պատմութեան մէջ ինչ բարդութիւն եղել է, մեղքը մերն է  եղել։ Դրա համար եմ ասում, որ մեր ապագան ինտելեկտի ու հայրենասիրութեան  մէջ է»,- ասաց պարոն Բաբայեանը։ Հարթակը վարող Սեւակ Յակոբեան այստեղ մէջբերեց կարեւոր փաստ մը: Ան բոլորին յիշեցուց, որ ամէն տեսակի եւ ազդեցութեան ներքոյ եղող «հայաստաններէն»՝ վերջին հարիւրամեակներու թրքահայաստանէն, պարսկահայաստանէն եւ ռուսահայաստանէն, գոյատեւեց եւ մեզի հասաւ ռուսական ազդեցութիւնը, բարեկամութիւնն ու զօրակցութիւնը վայելող աշխարհագրական հատուածը, որ այսօր կայ ու կը ճանչցուի որպէս Հայակական պետականութիւն: «Այս անհերքելի  փաստը մեզի շատ բաներ պէտք է յուշէ ու սորվեցնէ».  եզրափակեց Յակոբեան:  

Սեւակ Յակոբեան

Լսարանի մասնակիցներից Արթօ Մանուկեան արտաքին գերատեսչութեան ղեկավարից հետաքրքրուեց՝ ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ, եթէ, օրինակ, Ազրպէյճանում իշխանութիւն փոխուի։ Բաբայեանի կարծիքով՝ դա որեւէ էական բան չի փոխի․ «Փոխուելու է միայն ներքին քաղաքականութիւնը, բայց արմատական որեւէ փոփոխութիւն դժուար տեղի ունենայ, քանի որ հայատեցութիւնը նրանց գլխաւոր գաղափարախօսութիւնն է։ Մենք լաւ ենք տիրապետում Ազրպէյճանի ներքին կեանքին, չկայ գեթ մէկ ուժ, որը կասի սխալ էք վարւում, ի՞նչ հայատեացութիւն է, ատելութիւն է հայերի նկատմամբ։ Հետեւաբար դժուար թէ ինչ-որ բան փոխուի»։

ՌԱԿ-ի Յունաստանի պաշտօնաթերթ «Նոր Աշխարհ»-ի խմբագիր Զաւէն Գրիգորեանը հետաքրքրուեց՝ Արցախի բռնագրաւած տարածքները հնարաւոր է դիւանագիտական ճանապարհով վերադարձնել։ «Դժբախտաբար ոչ։ Ես չեմ հաւատում։ Ուզում եմ անկեղծ լինել ձեզ հետ։ Իրենց մօտ, ցաւալի է, բայց հողի տենչը երբեմն աւելի բարձր է, քան մեզ մօտ։ Նրանք կամաւոր մէկ միլիմեթր անգամ չեն զիջի։ Նրանք կարող են փորձել խաբել մեզ, բայց կամաւոր յանձնել գրաւած հողերը, չեմ կարծում»,- ցաւով նշեց Դաւիթ Բաբայեանը։ Այս համատեքստում Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի խմբագիր Սեւակ Յակոբեանընկատեց՝ «դժբախտաբար, մենք այդ հողի արժէքը չիմացանք։ Եթէ Արցախի բնակչութիւնը շատ աւելի մեծ լիներ, ամբողջ աշխարհը կը շարժէր։ Բայց, ցաւօք, մենք հեռակայ հայրենասիրութիւն ունենք»։

Ներկաներից Ալպէր Քեշիշեան հարցուց Արցախի պատմամշակութային կոթողների պահպանման մասին, որին ի պատասխան պարոն Բաբայեանը նշեց՝ դժբախտաբար մշակութային ցեղասպանութիւն է տեղի ունեցել, բոլոր պատմամշակութային կոթողները ոչնչացուել են։

«Միգուցէ մէկ-երկու կոթող մնացել են, այն էլ դժուարանում եմ ասել ինչ վիճակում են։ Մենք դիմել են տարբեր կառոյցների, ՄԱԿ-ին, ԵՈՒՆԵՍՔՕ-ին, խնդրելով առաքելութիւն ուղարկել Արցախ, բայց Ազրպէյճանը, կոպտօրէն խախտելով միջազգային օրէնքները, թոյլ չի տալիս։ Սա արժեհամակարգի ճգնաժամ է։ Այն կոթողները, որոնք նրանք չենք կարողանում ոչնչացնել, օրինակ Դադիվանքը, այն պատճառով է, որ դրանք գտնւում են համայն ռուսիոյ պատրիարքի, նախագահի հովանու ներքոյ, իրենք խօսք են տուել, որ պահպանելու են»,- ներկայացրեց բանախօսը։

Մասնակիցներից Դոկտ. Արշաւիր Կէօնճեան, Դոկտ. Հրաչ Գույումճեան, Արամ Արքուն, Տիրան Աւետեան, Արփի Թոփճեան, Գէորգ Քէշիշեան, Այտա Քարիպեան, Սագօ Արեան եւ այլ ներկաներ կարեւոր հարցեր ուղղեցին օրուայ զեկուցաբերին: Պրն. Բաբայեան համապարփակ կերպով պատասխանեց բոլորին: Պրն. Բաբայեան յատուկ կերպով ողջունեց մասնակիցներէն ամերիկաբնակ բարերար Վարդան Նազիրեանին, օրինակելի նկատելով իր ըրած գործնական ներդրումները Արցախի մէջ:

Արժանթինի ՌԱԿ-ի պաշտօնաթերթ՝ «Սարտարապատ»ի տնօրէն Սերխիօ Նահապետեանն իր խօսքում, անդրադարձ կատարեց վերջին 30 տարում Հայաստանում ու Արցախում կատարուած աշխատանքների, թերացումներին, Սփիւռքի դերակատարմանն ու այն բոլոր պատճառներին, որոնք հանգեցրին այսօրուայ իրավիճակին։ Արցախի արտգործնախարարի խօսքով՝ մեր թերացումների պատճառը պետականամէտ մտածողութեան ոչ բաւարար մակարդակն է։ «Ամենահին ազգերից ենք, 10- 15 հազար տարուայ պատմութիւն ունենք, բայց ժողովրդի մէջ պետական մտածելակերպի բացակայութիւն կայ։ Ես տարիներ շարունակ ուսումնասիրոում եմ ու չեմ կարողանում ֆիքսել, թէ երբ է մեզ մօտ սկսուել այդ գործընթացները։ Պէտք է մատաղ սերունդը դաստիարակել պետականամէտ մտածողութեամբ։ Շատ անելիքներ կան։ Աստուած մեզ միշտ մի շանս տալիս է ու մենք պարտաւոր ենք դուրս գալ այս իրավիճակից»,- իր խօսքը եզրափակեց Արցախի արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը։

«Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը աւարտին կոչ ուղղեց ներկաներուն յառաջիկայ օրերուն ու ամիսներուն անպայման այցելեն Արցախ, իրենց գործնական հայրենասիրութիւնն ու զօրակցութիւնը ցուցաբերելու Հայ ժողովուրդի խիղճն ու պատիւը հանդիսացող Արցախին: Ան շնորհակալութիւն յայտնեց Դաւիթ Բաբայեանին ժամանակ տրամադրելու եւ հետաքրքիր զրոյցի համար։

Más leídas