Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղեցու վերանորոգումն ավարտին է հասցվել։ Կառույցն այսուհետև կծառայի որպես թե՛ եկեղեցի և թե՛ մշակութային կենտրոն։ Առաջին պատարագը նախատեսվում է սույն թվականի օգոստոսի 29-ին։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է Կ․Պոլսում հրատարակվող «Ակօս» հայկական երկլեզու շաբաթաթերթի թուրքերեն կայքէջը։
Աղբյուրի հաղորդման համաձայն՝ Մալաթիայի HAY-DER կազմակերպությունից Գևորգ Օզքարագյոզը եկեղեցու վերաբացման վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել «Ակօս» թղթակցին։ Ըստ նրա՝ եկեղեցին 100 տարի շարունակ ավերակ վիճակում է եղել, շինության՝ եկեղեցուն առնչվող հատվածների վերանորոգումը ստանձնել է Մալաթիայի HAY-DER կազմակերպությունը, որը վերականգնել է սրբավայրի խորանները և մկրտարանը։Եկեղեցին այսուհետև երկու գորրծառույթ է իրականացնելու․ այստեղ պետք է կազմակերպվեն հայկական համայնքի պատարագի, մկրտության և պսակադրության արարողությունները, սակայն հայկական սրբատեղին կծառայի նաև որպես մշակութային կենտրոն։ Եկեղեցու մուտքի մոտ երեք լեզուներով՝ թուրքերեն, հայերեն և անգլերեն, գրված է «Մալաթիայի Երեք խորան եկեղեցի-Թաշհորան մշակութային կենտրոն»։
Սույն թվականի օգոստոսի 26-ին տեղի կունենա եկեղեցու վերաբացման պաշտոնական արարողությունը, եկեղեցին կօծվի, և Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի ձեռամբ կմատուցվի առաջին պատարասգը։ Կառույցը երկար ժամանակ Մալաթիայի քաղաքապետարանի գրանցամատյանում արձանագրված է եղել որպես եկեղեցի։ Այն գտնվում է Հրանտ Դինքի ծնված թաղամասից 250 մ հեռավորության վրա։
Վերջերս Պոլսո Հայոց պատրիարքի հրահանգով Պատրիարքարանի՝ պատարագների գծով պատասխանատու Թաթուլ Անուշյանը և Մալաթիայի HAY-DER կազմակերպության անդամներն այցելեցին եկեղեցի։ Թաթուլ Անուշյանին ուղեկցում էին հիշյալ կազմակերպության ղեկավար Նուրհան Գեզդիրիջին և անդամ Գևորգ Օզքարագյոզը։
Պատվիրակության անդամները հանդիպեցին Մալաթիայի քաղաքապետ Սելահաթթին Գյուրքանի հետ։ Սույն հանդիպման շրջանակներում հաստատվեց եկեղեցու վերաբացման ամսաթիվը։ Տեսակետներ փոխանակվեցին Սուրբ Երրորդությունում կազմակերպվելիք պատարագների և ծրագրերի վերաբերյալ։ 2021 թ․ օգոստոսի 26-ին տեղի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կկայանա եկեղեցու պաշտոնական բացման արարողութունը։ Օգոստոսի 28-ին եկեղեցին կօծվի Կ․Պոլսո Հայց պատրիարք Սահակ Մաշալյանի ձեռամբ, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 29-ին, պատրիարքն անձամբ կվարի առաջին պատարագի արարողությունը։