Ամբողջ աշխարհում մենք ունենք մշակութային դեսպաններ, երաժիշտներ, տարբեր ոլորտի արվեստագետներ, որոնք հայ երաժշտությունը, առհասարակ հայ մշակույթը, հայ արվեստը ներկայացնում են աշխարհին, ներկայացնում են հայկական ազգային նվագարանները, սովորեցնում են ճանաչել մեզ, սիրել մեր երաժշտությունը, և մեր երաժշտության միջոցով ճանաչել մեր երկիրն ու պատմությունը:
Այդպիսի երաժիշտներից է Իսպանիայում բնակվող դուդուկահար Հովհաննես Կարախանյանը: Արդեն 11 տարի նա ապրում է Կատալոնիայի Բարսելոնա քաղաքում, որտեղ ստեղծել է դուդուկի դպրոց, բայց բացի Իսպանիայից, դասընթացներ, վարպետության դասեր, համերգներ է ունենում Եվրոպայի տարբեր երկրներում:
10 և ավելի տարիները քիչ չեն բազմաթիվ համագործակցություններ, ստեղծագործական կամուրջներ ստեղծելու համար: Հերթական երաժշտական կամուրջը Մոսկվայի հետ է, որտեղ բնակվում է երաժշտագետ, դաշնակահար Քրիստինե Ասատրյանը: Նրա գործունեությունը շատ լուսաբանված չէ, բայց պակաս կարևոր չէ, քան որոշ ճանաչված գործիչներինը:
Երկար տարիներ Քրիստինեն ոչ միայն գործուն մասնակցություն ունի Ռուսաստանում հայկական դեսպանատան մաշկութային կենտրոնի աշխատանքներին, այլև դրանցից մի քանիսի կազմակերպիչն է եղել, այդ թվում ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր, կերպարվեստի գործիչների մասին վավերագրական ֆիլմերի նկարահանումներ: