|
|
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի: Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում նախագահ Սարգսյանը հանդիպել է թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ: Հանրապետության նախագահը և Շիրակի թեմի առաջնորդն անդրադարձել են պատերազմի ընթացքում մեր կրած ցավալի կորուստներին և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ համակարծիք լինելով, որ, որպես ժողովուրդ և պետություն, մենք այլ ընտրություն չունենք, քան միասնական ուժերով ոտքի կանգնելը: Նշելով, որ իրավիճակը շարունակում է մնալ ծանր՝ զրուցակիցներն իրենց մտահոգությունն ու անհանգստությունն են հայտնել երկրի առջև ծառացած լրջագույն ու բազմաբնույթ մարտահրավերների ու խնդիրների առնչությամբ, անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին: Հանրապետության նախագահը Շիրակի թեմի առաջնորդի ուղեկցությամբ այցելել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: |