Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 19-23-ը առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին:
Մեր տաղավարն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:
Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է քսան տարուց ավելի: Հինգ օրում այդ միջոցառմանը մասնակցում են ավելի քան 7 հազար ցուցադրողներ աշխարհի 100 երկրներից:
Ցուցահանդեսում ներկայացված են վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականություն, ինչպես նաև համագործակցային մի շարք ծրագրեր:
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում ազգային տաղավար ունենալու նպատակն է, որ հայաստանյան գրական գործակալները և հրատարակիչները կարողանան իրենց հանդիպումներն ազատորեն անցկացնել մեր տաղավարում, ներկայացնել իրենց հրատարակությունները, գրողներին, գնել և վաճառել ստեղծագործությունների գույքային իրավունքներ:
Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում, ինչպես նաև մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն:
Ծրագրի նպատակը հայ գրականությունը մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելն է: «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ վերջին 4 տարում արտերկրում լույս է տեսել (և ընթացքում է) 67 գիրք 20-ից ավելի լեզուներով:
Հայաստանի տաղավարի հասցեն է` հոլ 4.0, C90: