ՀԲԸՄ 92-րդ Ընդհանուր ժողովը տեղի ունեցավ Հայաստանում՝ խորհրդանշելու միասնություն և հաստատակամություն
14 հոկտեմբերի, 2022թ.
Ընդհանուր ժողովի պատվիրակներն ու հյուրերը Հայրապետական նստավայրում
2022 թվականի հոկտեմբերի 8-ին 25 երկրից ժամանած ավելի քան 200 ՀԲԸՄ պատվիրակի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 92-րդ Ընդհանուր ժողովը։ Երկու ժամ տևողությամբ Ժողովը հնգօրյա հանդիպման օրակարգի կարևորագույն իրադարձություններից մեկն էր։ Ժողովին նախորդող օրերին մասնակիցները հնարավորություն ունեցան Վեհարանում առանձնազրույց ունենալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հերոսների հիշատակին և մասնակցել վերջերս մեկնարկած «ԱՊՐԻ Արմենիա» Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված մեկօրյա հանդիպմանը։ Ընդհանուր ժողովի շրջանակներում կազմակերպվել էին նաև սեմինարներ, ռազմավարական հանդիպումներ և մշակութային այցեր։ Սա համավարակից հետո առաջին ընդգրկուն հանդիպումն էր, որի
ընթացքում ՀԲԸՄ պատվիրակներն, անդամներն ու բարեկամները երկար դադարից հետո անձամբ հաղորդակցվելու
հնարավորություն ունեցան։
ախից աջ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում
Հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանային բարդ զարգացումների էպիկենտրոնում, ինչն էականորեն ազդում է երկրի կենսունակության պահպանման վրա՝ երկու տարին մեկ իրականացվող ՀԲԸՄ Ընդհանուր ժողովն այս անգամ Հայաստանում անցկացնելն առանցքային կարևորություն ուներ։ Այդ կերպ ՀԲԸՄ-ն ցույց տվեց, որ սատարում է հայրենիքին և Հայաստանի քաղաքացիներին այս անորոշ և դժվարին իրավիճակում։ Ընդունելով զգայուն խնդիրների առկայությունն ու, թե՛ ներքին, թե՛ արտաքին պառակտվածության մթնոլորտը՝ ՀԲԸՄ-ի ղեկավարությունը բազմիցս միասնություն և հաստատակամություն դրսևորելու կոչեր է արել՝ համարելով այն Հայաստանում կայուն անկախություն ունենալու կարևորագույն գործոնը։
92-րդ Ընդհանուր ժողովի գլխավոր իրադարձությունները
Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած 250 պատվիրակներն ու հյուրերը հավաքվել էին ՀԲԸՄ Հայաստանի
կենտրոնատեղիում՝ լսելու ՀԲԸՄ Կենտրոնական վարչության կողմից ներկայացվող զեկույցները։ 116-ամյա պատմության ընթացքում ՀԲԸՄ-ն իր ներկայությունն ապահովել է հինգ մայրցամաքներում՝ ստեղծելով գլոբալ ցանց, և Ընդհանուր ժողովի ներկաներն արտացոլում էին այդ բազմազանությունը։ Մասնակիցներ կային Արգենտինայից, Ավստրալիայից, Բրազիլիայից, Թայլանդից, Քաթարից, Իրաքից և այլ երկրներից։ Հարյուրավոր մասնակիցներ առցանց տարբերակով միացել էին հանդիպմանը, ինչպես օրինակ՝ Ուզբեկստանից և Շվեդիայից։
Ուղերձով հանդես եկան Ժողովի պատվավոր հյուրեր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Այլ պատվավոր հյուրերի շարքում էր նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
ՀԲԸՄ 92-րդ Ընդհանուր ժողովի պաշտոնական նիստը, որը վարում էր ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Արդա Հարաթունյանը
ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանն իր ելույթում ընդգծեց պահի լրջությունը՝ շեշտելով, որ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված է, իսկ իրադրությունն՝ անորոշ։ «Սա դժվարին պայքար է, որը պահանջում է օգտագործել մեր բոլոր լծակները, առավելությունները, փորձագիտական ոլորտին առնչվող հմտությունները՝ պաշտպանելու մեր ազգի՝ ազատ և անկախ գոյության իրավունքը: Դա նշանակում է, որ պետք է մի կողմ դնենք տարակարծություններն ու միավորենք մեր ողջ ներուժն առավելագույն արդյունքի հասնելու համար: Մենք չենք կարող մեզ թույլ տալ կողմնակալ լինել, կամ ընկնել վրեժխնդրության հետևից։ Պետք է միավորենք ու գործի դնենք մեր ռեսուրսները: Եվ այս ամենից վեր, կարևոր է զարգացնել հայրենիքի և Սփյուռքի միջև առողջ և փոխադարձ հարաբերությունները», - նշեց պարոն Սեդրակյանը, ում նախագահության քսան տարին լրացավ այս տարի։
Հաջորդիվ, նա շտապեց հավելել. «Չնայած այս ամենին, ես այսօր հաստատակամ կանգնած եմ այստեղ՝ վստահ, որ կարող ենք հաղթահարել այս կործանիչ մտածողությունը՝ պարզապես մեզ հիշեցնելով, թե ով ենք մենք։ Հազարամյակների միջով անցած մեր ապրելու կամքն աննկուն է»։
Վեհափառ Հայրապետը ներկաների մասնակցությամբ աղոթք բարձրացրեց առ միասնություն և համերաշխություն և իր ուղերձում ընդգծեց ՀԲԸՄ-ի հիմնադրումից ի վեր Հայ Առաքելական Եկեղեցու և ՀԲԸՄ-ի՝ բազմաթիվ համատեղ նախաձեռնությունների շուրջ սերտ համագործակցությունը։
ՀՀ նախագահ պարոն Խաչատուրյանն իր հերթին նկատեց. «Վստահեցնում եմ ձեզ, մեզ համար շատ կարևոր է, որ չեք հետաձգել Ընդհանուր ժողովը և եկել եք այստեղ։ Ձեր ներկայությունը մեզ բոլորիս համար պարտավորեցնող է։ Եվ «մեզ» ասելով՝ ես նկատի ունեմ հատկապես Հայաստանի հանրապետության քաղաքացիներին և, առավել ևս, ՀՀ իշխանություններին»։
Գերմանիայում ՀԲԸՄ նոր մասնաճյուղի համահիմնադիր նախագահ Գեորգի Ամբարզումջանը, ՀԲԸՄ Ցյուրիխի ԵԱ-ի համանախագահ Էլիզաբեթ Իստամբուլին, ինչպես նաև ՀԲԸՄ մասնաճյուղերի և կենտրոնական վարչության հետ
հարաբերությունների տնօրեն Նատալի Գաբրելյանը հանդես եկան ուղերձով՝ կոչ անելով համառություն և պատրաստակամություն ցուցաբերել և գործել ի շահ աշխարհասփյուռ հայության:
Ընդհանուր ժողովում ամփոփվեցին 2020-2021 թվականների ֆինանսական, աուդիտի և կազմակերպության գործունեության հաշվետվությունները, որոնք բոլորն արտացոլում էին նվիրատվությունների, կամավորների և նոր նախաձեռնությունների զգալի աճ՝ պայմանավորված այս երկու տարիների ընթացքում հայ ժողովրդի գլխին պատուհասած եռակի ճգնաժամերով։ Այդ տարիներին ՀԲԸՄ-ի կողմից ձեռնարկված շատ համարձակ նախաձեռնություններ ցույց տվեցին, որ Սփյուռքը հավատով է լցված Հայաստանի ժողովրդի հանդեպ և վստահում է ծավալուն հումանիտար օգնութուն տրամադրելու աշխատանքը համակարգելու և աջակցություն ցուցաբերելու մեր ժողովրդի կարողությանը։ Վերջին երկու տարիներին համաշխարհային համավարակով, 2020 թ.-ի Բեյրութի
ավերիչ պայթյունով և նույն թվականի Սեպտեմբերին 44-օրյա Արցախյան պատերազմով պայմանավորված դժվարություններն առաջին հերթին ընկան ՀԲԸՄ տեղական գրասենյակների ուսերին։
2020-2021 թվականների երկամյա զեկույցը կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղմամբ https://agbu.org/financials:
2022 թվականի ՀԲԸՄ շնորհառուները
Որպես ավանդույթ՝ յուրաքանչյուր Ընդհանուր ժողովի ընթացքում ՀԲԸՄ-ի ներկայացուցչությունները, խմբերն ու անդամները պարգևատրվում են իրենց ակնառու ձեռքբերումների համար։ Այս անգամ, ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհուրդը «ՀԲԸՄ ակնառու ծառայության մրցանակ»-ով պարգևատրեց ՀԲԸՄ Մոնրեալի և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղերին՝ նորարարական և ընդգրկուն ծրագրեր իրականացնելու իրենց կարողության համար։ Ծրագրերը էականորեն նպաստել են տեղի համայնքային գործունեության ընդլայնմանը:
ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների Երևանի և Մադրիդի խմբերը նույնպես պարգևատրվեցին ճգնաժամի, հատկապես՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ երիտասարդներին հրատապ մոբիլիզացնելու և օգնություն տրամադրելու իրենց անմնացորդ ջանքերի համար: Պատերազմի ժամանակ Երևանի ԵԱ-ի խումբը մարդասիրական օգնության նկատառումներով մեկ ամսում հավաքեց 84,000 ԱՄՆ դոլար, իսկ Մադրիդի ԵԱ-ի խումբը օգտագործեց միջազգային լրագրողների հետ ունեցած կապերը՝ հակազդելու լրատվամիջոցների կեղծ տեղեկատվությանը։ Ավելին, պատերազմից անմիջապես հետո Մադրիդի ԵԱ-ն նախաձեռնեց մեդիա վերապատրաստման դասընթաց օգնելու Հայաստանի լրագրողներին նեղ մասնագիտական գիտելիքներ ստանալ
պատերազմական իրավիճակներում դրությունն անաչառ և պրոֆեսիոնալ լուսաբանելու և միջազգային լրատվամիջոցների շրջանակներում վստահություն ձեռք բերելու համար։ Այս ամառ վերապատրաստվեց մասնակիցների երկրորդ խումբը։
ՀԲԸՄ աշխատակիցները «ՀԲԸՄ Նախագահական մրցանակ»-ով պարգևատրվեցին երկար տարիների նվիրված աշխատանքի համար։ Շնորհառուներն էին՝ ՀԲԸՄ Հայաստանի ֆինանսական տնօրեն Լենա Բաղդասարյանը, ով պարգևատրվեց իր ավելի քան երկու տասնամյակ կատարած նվիրյալ ծառայության համար և Արցախում ՀԲԸՄ ծրագրերի ղեկավար Սասուն Բաղդասարյանը՝ արցախահայության հանդեպ ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար, հատկապես՝ 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո։
Անիտա Անսերյանը «ՀԲԸՄ նախագահական մրցանակ»-ը ստանալիս
Պարգևատրվեց նաև ՀԲԸՄ-ի գործադիր տնօրեն Անիտա Անսերյանը, ով արժանացավ նախագահ Սեդրակյանի բարձր գնահատանքին և խորին երախտագիտությանը ՀԲԸՄ Կենտրոնական գրասենյակում իր 35 տարվա առաջնորդության համար:
Նախագահ Սեդրակյանը վստահեցրեց, որ թեև Անիտան պաշտոնապես ավարտում է իր ծառայությունը ՀԲԸՄ-ում, նա դեռ երկար տարիներ կշարունակի կամավոր հիմունքներով առաջնորդել մեզ։ Նա հավելեց. «Նրա թողած ավանդը կպատկանի բոլոր համայնքներին: Ահա թե որքան խորը և համապարփակ է Անիտայի թողած հետքը հայոց աշխարհում»: Նախագահի խոսքերն ընդունվեցին հանդիսատեսի կողմից բուռն և հոտնկայս ծափահարություններով՝ հաստատելով Անիտա Անսերյանի հանդեպ համընդհանուր հիացմունքը։
Վերջում, անակնկալ ելույթով հանդես եկավ ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Սեմ Սիմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով պարոն Սեդրակյանին իր նախագահության 20 տարիների ընթացքում թողած ավանդի համար։ Նա անդրադարձավ ՀԲԸՄ-ի պատմության մեջ ունեցած նրա դերին, ոչ միայն որպես նախագահ, այլ նաև դրանից առաջ ՀԲԸՄ Կենտրոնական վարչութունում նրա 25-ամյա ծառայությանը։
Բաց երկխոսությունների խթանում
Ընդհանուր ժողովի առաջնահերթություններից մեկը ներքին և արտաքին խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով տարբեր ահառուների միջև բաց երկխոսություններ խթանելն է: Հետևաբար, շաբաթվա օրակարգի մաս էին կազմում տարբեր աշխատաժողովները, երկխոսություններն ու քննարկումները:
ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամները քննարկումներ ունեցան Հարավային և Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից և Մերձավոր Արևելքից ժամանած ՀԲԸՄ ներկայացուցիչների հետ՝ վերասահմանելու ՀԲԸՄ-ի ապագայի տեսլականը և վերափոխելու ռազմավարություններն այնպես, որ հնարավոր լինի բավարարել աշխարհասփյուռ հայության զարգացող կարիքները:
Երիտասարդ արհեստավարժները նույնպես հնարավորություն ունեցան քննարկելու ԵԱ համաշխարհային ցանցի տեսլականը, առաջիկա երկու տարիների ռազմավարական առաջնահերթությունները, ինչպես նաև ցանցի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց լուծման արդյունավետ ուղիները։
Բաց քննարկում Կաթողիկոսի հետ Վեհարանում
Բաց երկխոսությունների շրջանակում առանցքային կարևորություն ուներ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հետ առանձնազրույցն Էջմիածնի Վեհարանի հանդիսությունների դահլիճում: Զրույցը վարում էր ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Սարգիս Ջեբեջյանը։ Սա բացառիկ հնարավորություն էր ներկաների համար՝ քննարկելու ազգի հոգևոր խնդիրները և հարցեր բարձրացնելու Հայ Առաքելական Եկեղեցու և արտերկրի հայոց թեմերի փոխհարաբերությունների, ինչպես նաև բազմաթիվ մարդասիրական նախաձեռնությունների մասին, որոնք Եկեղեցին իրականացնում է Մայր Աթոռի և ՀԲԸՄ-ի փոխգործակցության ներքո՝ մասնավորապես տարեցների համար նախատեսված Բարեգործական ճաշարանների ու երեք Հայորդյաց տների միջոցով։
Բաց երկխոսություն Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հետ։ Զրույցը վարում էր ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Սարգիս Ջեբեջյանը
Վեհափառ Հայրապետը քննարկեց նաև Եկեղեցու դերը 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Արցախի հոգևոր ժառանգությունը պահպանելու գործում։
Հյուրերն ուղեկցորդի հետ միասին շրջեցին նաև Մայր Աթոռի շրջակայքում և, Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, հոգեհանգստի աղոթք հնչեցրեցին ՀԲԸՄ հինգերորդ նախագահ Ալեք Մանուկյանի, նրա տիկնոջ՝ Մարի Մանուկյանի և դստեր՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնի, ինչպես նաև ՀԲԸՄ մյուս երջանկահիշատակ բարերարների հոգիների հանգստության համար։
«ԱՊՐԻ Արմենիա» աշնանային հանդիպում
Այս տարվա սկզբին ՀԲԸՄ-ն մեկնարկեց «ԱՊՐԻ Արմենիա» Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը, որն անկախ, ապակուսակցական վերլուծական կենտրոն է և քաղաքականությունների աքսելերատոր։ Ինստիտուտի գործունեության կենտրոնում են տարածաշրջանային կայունությունը և Հայաստանի տևական բարեկեցությունը։
Անցյալ շաբաթ տեղի ունեցած «ԱՊՐԻ Արմենիա» աշնանային հանդիպումը ՀԲԸՄ պատվիրակներին, հրավիրված հյուրերին և լրատվամիջոցներին հնարավորություն ընձեռեց մասնակցել մեկօրյա պանելային քննարկումներին, որոնք արծարծում էին Հայաստանի քաղաքականությունների մշակույթը վերափոխելու միտումներն ու խնդիրները։ Պանելային քննարկումների խոսնակներն էին Հայաստանի և Արցախի կառավարությունների, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, այլ անկախ վերլուծական կենտրոնների, հայաստանյան և միջազգային համալսարանների և մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ, մասնագետներ և վերլուծաբաններ։
«ԱՊՐԻ Արմենիա» աշնանային հանդիպում
Համաժողովն անդրադարձավ այնպիսի կարևորագույն թեմաների, ինչպիսիք են՝ ինչպես ընտրել ճիշտ քաղաքականություն, ինչպես պետք է Հայաստանում քաղաքականություն մշակողները կարողանան կողմնորոշվել անորոշ ժամանակներում, ինչ կոնկրետ դեր կարող է ունենալ Սփյուռքը Հայաստանի սոցիալ-տնտեսական ողջ ներուժի բացահայտման գործում։ Քննարկվեցին երկրում արևային էներգիայի և կանաչ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները և 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած ծանր մարտահրավերների հաղթահարման ուղիները։
Համաժողովն անդրադարձավ նաև Հարավային Կովկասում անկայուն և արագ փոփոխվող անվտանգային միջավայրին, արտաքին քաղաքականության վերաիմաստավորման անհրաժեշտությանը և չլուծված հակամարտությունների պատճառով Հայաստանի առջև ծառացած երկարաժամկետ ռիսկերին: Այս համաժողովը «ԱՊՐԻ Արմենիա»-ի հիմնադրումից ի վեր երկրորդ լայնածավալ հանդիպումն էր։ Ապագա ֆորումներ նախատեսվում են 2023 թվականին:
«YP Connect» միջոցառում
Երևան ժամանած մասնակիցների մեծ մասը ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների համաշխարհային ցանցի անդամներն էին, ովքեր հնարավորություն ունեցան վերամիավորվել և բազմաբովանդակ քննարկումներ անցկացնել։ «YP Connect» միջոցառման շրջանակներում Երևանի ԵԱ-ն հյուրընկալել էր շուրջ 120 երիտասարդ արհեստավարժների՝ ընդգծելու ցանցային կապերի և համագործակցության ուժը։ Քննարկման խոսնակներից էին Հայաստանի և Սփյուռքի մասնավոր և պետական հատվածի երիտասարդ առաջնորդները, մասնավորապես՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Կամիլիո Ազզուզը, Փարիզի փոխքաղաքապետ և ՀԲԸՄ Եվրոպայի տնօրեն Անուշ Թորանյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ կենտրոնական բանկի փոխկառավարիչ Հովհաննես Խաչատրյանը և «SoloLearn»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Եվա
Հյուսյանը: Իմաստալից քննարկման ընթացքում արծարծվեցին մի շարք թեմաներ՝ տնտեսական դիվանագիտությունից մինչև այն, թե ինչպես և ինչու է հարկավոր ամուր կապեր ստեղծել հայկական և միջազգային շրջանակներու փոփոխություններ իրականացնելու համար:
Մինչև տարեվերջ «YP Connect»-ի շրջանակներում նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն նաև այլ քաղաքներում՝ հայ մասնագետների հետ վստահելի կապեր ստեղծելու, ամրապնդելու և պահպանելու նպատակով:
Հոգևոր և մշակութային միջոցառումներ
Շաբաթվա ընթացքում պատվիրակները մասնակցեցին մի շարք բովանդակալից միջոցառումների և կատարեցին մշակութային այցելություններ. Մատենադարանում շրջայցից և արվեստագետ Ժան Պողոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը դիտելուց մինչև «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած «Զորակցության համերգ»-ին մասնակցելը՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի և «Վահագն Հայրապետյան» ջազ տրիոյի մասնակցությամբ։
Ի լրումն, հյուրերը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցեցին կիրակնօրյա պատարագի, որի ընթացքում
հոգեհանգստյան կարգ մատուցվեց վերջին երկու տարիների ընթացքում տված մեր հազարավոր զոհերի, ինչպես նաև երջանկահիշատակ ՀԲԸՄ բարերարների և անդամների հոգիների հանգստության համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այց կատարելու օրը հյուրերը նախ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեր զոհված հերոսների հիշատակին։
ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժները Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցում Արցախյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին
Օրվա ավարտին մասնակիցներն այցելեցին նաև բարեկարգման մեջ գտնվող՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Մալաթիայի Հայորդյաց տուն, որտեղ Մալաթիայի և Նորքի Հայորդյաց տների սաները հանդես եկան համերգային կատարումներով՝ արժանանալով ներկաների խորին հուզմունքին ու ամրապնդելով նոր սերնդին աջակցելու նրանց նվիրումն ու մղումը։
ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը նշեց, - «Այսօր Հայաստանը դարձյալ առերեսվում է լրջագույն և
գոյաբանական սպառնալիքների, և ՀԲԸՄ-ն կրկին պատրաստ է և հանձնառու՝ իրագործելու իր ազգային պարտավորությունները այդ մարտահրավերները հաղթահարելու համար։ Սակայն մենք դա չենք կարող անել միայնակ, մեզ հարկավոր է ներքին միասնություն և զորակցություն մեր բարեկամներից։ Մենք կարող ենք մեր զորակցությունը արտահայտել՝ գալով Հայաստան, գործելով Հայաստանում, բովանդակալից կերպով գործի դնելով սփյուռքի մեր ցանցերը, ներգրավելով մեր ռեսուրսներն ու տաղանդներին և նրանց կամրջելով հայրենիքում առկա ռեսուրսների և տաղանդների հետ։ Ես խորապես զգացված եմ, որ այսօր այստեղ եք և այժմ, առավել քան երբևէ, հավատացած եմ, որ Միությունը Զորություն է»։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ- ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա:
ՀԲԸՄ-ի և իր աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.agbu.org:
Լրատվական հարցումների համար դիմել՝
ՀԲԸՄ մամուլի գրասենյակ
55 East 59-րդ փողոց
Նյու Յորք, NY 10022-1112
Հեռախոս՝ 212.319.6383
Էլ.