Նախաձեռնությամբ Հայաստանում Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադիրների խորհրդի, երեկ, մայիսի 6-ի հետմիջօրեին, «Ազգ»ի խմբագրության գրադարանում տեղի ունեցավ խորհրդակցական հանդիպում «Ազատագրական շարժման» համահիմնադիրներից Արա Զոհրաբյանի, Վազգեն Պետրոսյանի, Վահագն Չախալյանի եւ Սեւակ Հակոբյանի հետ։ ՌԱԿ հիմնադիրներից հանդիպմանը մասնակցում էին Գայանե Մուրադյանը, Սուրեն Սարգսյանը եւ Հակոբ Ավետիքյանը։
Շուրջ մեկուկես ժամ տեւած խորհրդակցության ընթացքում «Ազատագրական շարժման» ներկայացուցիչները, հյուրընկալողների խնդրանքով, ներկայացրեցին այն ելակետային սկզբունքները, որոնցով Շարժումը սկսել ու շարունակում է իր գործունեությունը, իսկ վերջին շրջանում՝ բավական աշխույժ կերպով։
Գոհունակությամբ հաստատելով, որ այդ սկզբունքները համահունչ են ՌԱԿ մոտեցումներին եւ ընդհանրապես ազգային ամուր պետականություն ունենալու համազգային տեսլականին, կողմերն անցան երկրում տիրող կացության քննությանը, կարծիքներ փոխանակեցին ընդդիմադիր ուժերի, այդ թվում՝ «Ազատագրական շարժման», նախաձեռնած բողոքի շարժման մասին, տեսակետներ պարզեցին ստեղծված վիճակի հնարավոր հետեւանքների ու ելքերի վերաբերյալ։ Ընդգծվեց տագնապի հանգուցալուծման վերաբերյալ ծրագիր ներկայացնելու անհրաժեշտությունը։
Վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց կողմերի միջեւ խորհրդակցությունները պարբերական դարձնելու, տեղեկություններ փոխանակելու վերաբերյալ։
ՌԱԿ-ի ՀԱՄԱԴՐՎԱԾ ՄԱՄՈՒԼ