2022թ․ փետրվարի 17-ին Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության նախաձեռնությամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հանդիպում կայացավ նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու պարոն Վահագն Խաչատուրյանի հետ՝ մասնակցությամբ ՌԱԿ ատենապետ Հրաչյա Կարապետյանի, փոխնախագահ Կարեն Կակոյանի, ԿՎ անդամներ Մեսրոպ Հարությունյանի և Մարտուն Հովհաննիսյանի։
Հանդիպումը ընթացավ ջերմ մթնոլորտում․ լայն ու հանգամանալից քննարկվեցին ՀՀ Սահմանադրական բարեփոխումների ընթացակարգին, Նախագահի լիազորություններին, հանրապետության տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։
Պարոն Խաչատուրյանը ներկայացրեց իր դիրքորոշումները երկրի կառավարման մոդելի, ինչպես նաև իր ղեկավարած նախարարության գործունեության, Հայաստանում տնտեսական ներդրումների քաղաքականությանը վերաբերող քայլերը, որոնք բարձր գնահատանքի արժանացան ՌԱԿ պատվիրակության կողմից՝ շեշտելով, որ այդ հաջողությունները նաև պարոն Խաչատուրյանի արհեստավարժության և անձնական ջանքերի շնորհիվ է։
ՌԱԿ Կենտրոնական վարչության պատվիրակության անդամները հանդես եկան ՀՀ Նախագահի՝ որպես պետության գլխի լիազորությունների ավելացման առաջարկությամբ՝ մասնավորապես արտաքին քաղաքականության, հայկական Սփյուռքի հետ կապերի ամրապնդման գործում։
Հանդիպման կողմերը պայմանավորվեցին Վ․ Խաչատուրյանի՝ Նախագահ ընտրվելու դեպքում սերտ համագործակցել միմյանց հետ։
ՌԱԿ ԿՎ անդամները կուսակցության անունից պատրաստակամություն հայտնեցին մասնակից լինել տարբեր քննարկումներին, աջակցություն ցուցաբերել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը։