SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 22 de Noviembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - «Քանդակն իսկապես յուրահատուկ եւ խոսուն է».
Հյուսիսային պողոտայում տեղադրվել է Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» արձանը
22 de Septiembre de 2021

Երեւանում՝ Հուսիսային պողոտայում, տեղադրվել է անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» արձանը: Քանդակը տեղադրելու առաջարկին Երեւանի ավագանին հավանություն էր տվել դեռեւս 2019 թվականի դեկտեմբերին:

Այսօր, երբ այցելել էինք այն լուսանկարելու, ականատեսը եղանք ինչպես երեւանցիների, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկների՝ քանդակի նկատմամբ բավականին մեծ հետաքրքասիրությանը: Անցորդների գրեթե մեծ մասը կա՛մ լուսանկարում էր այն, կա՛մ էլ՝ մի քանի վայրկյան դադար տալիս եւ հետաքրքրությամբ զննում:

Մեր հարցվածներից շատերն իրենց հիացմունքն ու հավանությունն արտահայտեցին՝ ասելով, որ քանդակն իսկապես յուրահատուկ եւ խոսուն է, իսկ Հյուսիսային պողոտայում այն տեղադրելն ամբողջացնում է գաղափարը, քանի որ մայրաքաղաքի այդ հատվածն առավել հայտնի է որպես զբոսնելու վայր:

Քաղաքացիներից Սուրեն անունով մի տղամարդ էլ, որն այդ պահին լուսանկարում էր քանդակը, մեր զրույցում ասաց՝ Արտո Չաքմաչյանի բոլոր գործերն է հավանում, իսկ այս մեկը՝ առավել եւս. «Ես գիտեմ, որ այս քանդակը տեղադրելը պլանավորված է եղել 2019 թվականից՝ պատերազմից առաջ, եւ վարպետի երկար տարիների երազանքն է եղել: Այն ինձ շատ է դուր գալիս»:

Իհարկե, բացասական կարծիքներ ունեցողներ էլ կային: Տարեց պապիկներից մեկը դժգոհություն հայտնեց, որ «Երեւան» գրած բանալու քանդակի դիմաց «այդ անհասկանալի արձանը» տեղադրելն ամենեւին էլ լավ գաղափար չէ: «Բանալին պարզ, հասկանալի ու գեղեցիկ գործ է, բայց սա անհասկանալի է: Այս քանդակում պատկերված մարդն էլ կզած է, քաղաքի կենտրոնում սա տեղադրելն անընդունելի է»,- ասաց նա:

Որքան էլ զարմանալի թվա, բայց մենք նաեւ հանդիպեցինք անցորդների, որոնք քանդակի կողքով անցնելիս չէին նկատում այն. հարցը լսելուց հետո զարմացած նայում էին, ապա՝ ժպտալով պատասխանում. «Լավն է, ինչու ոչ: Թող մնա»:

Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» ստեղծագործության համար պետությունը 37 միլիոն 800 հազար դրամ գումար է հատկացրել:

Քանդակի ձուլման եւ մոնտաժման աշխատանքներն իրականացնելը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: ՀՀ ԿԳՄՍՆ-ից ավելի վաղ մեզ հայտնել էին, որ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» արձանի ձուլման աշխատանքներն ավարտվել են 2020 թվականի դեկտեմբերին, այսինքն՝ ավագանու որոշումը հաստատվելուց մեկ տարի անց: Սակայն համավարակի եւ պատերազմի հետեւանքով, երկրում հաստատված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ տեղադրման աշխատանքները հետաձգվել էին:

Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում: Մինչդեռ վարպետը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երեւան քաղաքում: Դեռեւս 2000-ականների սկզբին նրան խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում, սակայն չէր արվել:

Más leídas