SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Domingo 24 de Noviembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՉԸ
14 de Octubre de 2020

 Սիրելի հաւատաւոր ժողովուրդ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աստուածային օրհնութիւնն ենք բերում ձեզ և Հայրապետական Մեր սէրն ու աղօթքները:

Մեր հայրենիքի համար վճռական օրեր են։ Կենաց ու մահու կռիւ ենք մղում հանուն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կեանքի իրաւունքի։ Ատրբեջանը, անտեսելով հրադադարի պայմանաւորուածությունը, շարունակում է ռազմական գործողութիւնները Արցախի Հանրապետութեան դէմ՝ հրետակոծելով նաև խաղաղ բնակավայրերն ու բնակչութեանը, մեր հուշարձաններն ու սրբավայրերը, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Թիրախավորուել են նաև Հայաստանի Հանրապետութեան սահմանամերձ բնակավայրերը։ Ադրբեջանի այս ընթացքը ի ցոյց է դնում բանակցութիւնները ձախողելու, Արցախի ժողովրդին հայրենի հողից վտարելու և բնաջնջելու նրա հայատեաց քաղաքականութիւնը։ Արցախի համար չկայ և չի կարող լինել անվտանգութեան երաշխիք Ատրբեջանի կազմում։ Պատերազմը մեր ժողովրդի ընտրութիւնը չէ: Մեզ պարտադրուած է ինքնապաշտպանութիւնը, որպէս բռնութեան ու բիրտ ուժի դէմ մեր կեանքի, ազատութեան և արժանապատուութեան պահպանման միակ միջոց:

Մենք դիմում ենք մարդկային կեանքը, խաղաղութիւնն ու արդարութիւնը արժեւորող բոլոր պետութիւններին, մասնաւորապէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ առաւել վճռական քայլեր ձեռնարկելու կանխելու համար Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ Ատրբեջանի կողմից իրագործուող վայրագութիւններն ու ցեղասպան գործողութիւնները, հարկադրելու դադարեցնել պատերազմը և հիմնախնդրի կարգավորմանը հետամուտ լինել բանակցութիւնների ճանապարհով։ Արցախի ժողովրդի անվտանգ կեանքը, Արցախում կայուն խաղաղութեան հաստատումը կենսական ու հրամայական է՝ կանխելու աւերածութիւններն ու հումանիտար աղետը տարածաշրջանում։ 

Մեր կոչն ենք ուղղում հայրենաբնակ և աշխարհասփիւռ մեր ժողովրդին. սիրելիներ, առաւել քան երբևէ հայրենիքը կարիքն ունի մեզանից իւրաքանչիւրի ամբողջանուեր հանձնառութեան, համայն հայության համախմբման և հաղթական վճռականութեան՝ Արցախը պաշտպանելու, մեր ժողովրդի նկատմամբ արդարութիւն հաստատելու սրբազան այս գոյապայքարում։ Լինենք միասնական և աննկուն, շարունակենք Արցախին ցուցաբերուող զորակցութիւնը, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչմանն ուղղուած ջանքերը, որպէսզի մեր հերոս նախնիների ոգով ներշնչուած՝ փառապանծ հաղթանակով վերականգնենք խաղաղութիւնը հայրենեաց սահմաններում և ապահովենք Հայաստան և Արցախ մեր հայրենի երկրի անվտանգ ու ստեղծագործ կեանքը։

Սիրելի զինուորներ և սպաներ Հայոց փառապանծ բանակի, առանձնակի գնահատանքով և երախտագէտ սրտով բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնութիւնը։ Ամէն օր ծանր մարտերում դուք սխրանքներ եք գործում` պաշտպանելով մեր հայրենիքն ու ազատ ապրելու իրաւունքը մեր ժողովրդի։ Ամէն ժողովուրդ պիտի հպարտանար ձեզ պես նվիրեալ, արժանաւոր զաւակներով: Մեր ժողովրդի պարծանքն էք դուք, մեր պետականութեան, ազատ Հայաստանի, ազատ Արցախի գոյութեան և մեր արդար ձգտումների երաշխաւորը: Այս պայքարի ընթացքում նաև կորցրեցիք զինակից ընկերներ, ովքեր ընկան հերոսի մահով և ժառանգեցին նահատակութեան անթառամ պսակը։ Մեր նորօրեայ նահատակների լոյս հիշատակի առջև թող հաստատ լինի ձեր ուխտը՝ ազգասիրութեան հաղթական ոգին աննկուն պահելու և հայրենին պաշտպանելու։ Ձեր անձնուիրումի ու ծառայութեան օրինակով ոտքի է կանգնել համայն մեր ժողովուրդը ի սփիւռս աշխարհի և իր ձայնն է բարձրացնում հանուն Արցախի իրաւունքների և հաղթանակի։ Մենք հաւատում ենք, որ «Տերն իր ժողովրդին զորութիւն պիտի տայ, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղութիւն պարգեւելով» (Սաղմ. ԻԸ 11)։ Եւ այդ հաղթական հավատքով հայցում ենք Բարձրեալից, որ անփորձանք պահի ու պահպանի ձեզ, սիրելի զինուորներ և սպաներ, աշխարհազորայիններ և կամաւորականներ, զինաւառի ձեզ իր հոգևոր սպառազինութեամբ և զորացնի ձեր բազկի ուժը՝ հաստատելու հարատև խաղաղութիւնը մեր հայրենիքում և մեր ժողովրդի կեանքում։

Աղօթում ենք ձեզ համար։ Աստուած օգնական և ապաւեն ձեզ, Աստուած օգնական և ապաւեն Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրին և մեր ժողովրդին։ Ամէն։

Más leídas