100 տարի առաջ, այս օրերին, հակառակ Մոսկվայի տխրահռչակ պայմանագի պահանջինՙ Թուրքիան շարունակում էր իր զորքերը պահել Հայաստանում, որն արդեն, փետրվարյան ապստամբության ճնշումից հետո նորից հայտնվել էր սովետական կարգերի տակ: Քյազիմ Կարաբեքիր փաշայի ասկյարները շարունակում էին սպանել, մորթել, հարստահարել մարդկանց, հատկապես Ալեքսանդրապոլում եւ շրջակայքում, որի ազգաբնակչությունը աղուհացով էր դիմավորել նրանց: Ահա այդ ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար (արտաքին գործերի ժողկոմիսար) Գեորգի Չիչերինը, ինչպես պարզվում է Օրջոնիկիձեին հղած նրա հայտնի հեռագրից, Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ալի Ֆուադից պահանջում է վերջ տալ Կարաբեքիրի «խուլիգանությանը» եւ զգուշացնումՙ «Թուրքիայի եւ Սովետական Հայաստանի միջեւ պատերազմը կնշանակի պատերազմ Թուրքիայի եւ Սովետական Ռուսաստանի միջեւ»:
Այժմ, 100 տարի անց, Իլհամ Ալիեւը, հետեւելով իր մենտոր, միջազգային արենայում իր խուլիգանական արարքներով հռչակված Ռեջեփ Թայիբ Էրդողանի օրինակին, անօրինակ լկտիությամբ եւ անպատիժ շարունակում է նույն խուլիգանությունները այս անգամՙ Սյունիքում եւ Գեղարքունիքում, նպատակ ունենալով առաջինը վերածել Հայաստանից կտրված անկլավի, իսկ երկրորդըՙ արգելապատնեշիՙ Արցախը այժմ եւ ընդմիշտ կտրելու Մայր երկրից, հաղորդակցության բոլոր ուղիներից, միաժամանակ իրականություն դարձնելով թուրք-ադրբեջանական մեծ երազանքըՙ միանալ-միացնել Նախիջեւանին ու Թուրքիային:
Մնացած ամեն ինչՙ նոյեմբերի 9-ի թղթով նախատեսվող կոմունիկացիանե՜ր, հաղորդակցության միջոցնե՜ր, Հայաստանի ապաշրջափակում, տնտեսական զարգացում, ֆլան-ֆստան, պարապ բաներ են: Շինծու, բացարձակապես արհեստական պատրվակներ է նաեւ սահմանագծումների, այսպես կոչվածՙ դեմարկացիոն գործընթացների, հորինված քարտեզների, GPS-ով տեղորոշումների միջոցով սադրիչ գործողություններ իրականացնելու փաստը: Փոխարենը շատ լուրջ պետք է վերաբերվել Ադրբեջանի գլխավոր խուլիգանի ամենեւին ոչ պատահական ակնարկությանը, որը նա արեց մի շաբաթ առաջ, Սեւ լճի կողմից մինչեւ Նախիջեւան ընդամենը 40 կմ տարածությունը ի հարկին զինու ուժով գրավելու մասին: Աշխարհակալական նույն նկրտումները, որոնց կենսագործմանը տեւական ժամանակ լծված է Էրդողանը ավելի լայն մասշտաբով, ուշիմ աշակերտի նման այժմ փայփայում է նաեւ Ալիեւը, իր ճանապարհին չհանդիպելով որեւէ արգելքի: Խուլիգանի եւ խուլիգանների ձեռքը բռնող չկա: Արեւմուտքը հետեւում է, թե ինչպես է Մոսկվան դուրս գալու այս թնջուկից, մինչ Լավրովը ամենեւին էլ Չիչերին չէ, որին ի վերջո հաջողվել էր Հայաստանի սահմաններից հեռացնել Կարաբեքիրի հրոսակներին:
Հասկանալի են առարկությունները. այն ժամանակ, 100 տարի առաջ, տարբեր էր աշխարհաքաղաքական իրավիճակը, եւ Հայաստանը մասն էր խորհրդային պետության: Սակայն հիշեցնենք, որ անկախ Հայաստանի պայմաններում էլ, դեռեւս 1992 թ.ին, նույնՙ արդեն ոչ սովետական Ռուսաստանի ԶՈՒ շտաբի պետ գեներալ Շապոշնիկովը փաստորեն կրկնեց Չիչերինինՙ Հայաստանի վրա «մի քանի ռումբ արձակենք» սպառնալիքի հեղինակ Դեմիրելին զգուշացնելով, որ ոտնձգությունների դեպքում Ռուսաստանը չի հապաղի կիրառել իր միջուկային զինանոցը:
Այժմ մենք ունենք բոլորովին տարբեր իրադրություն եւ բավական տարբեր Ռուսաստան, կաշկանդված եւ ինքնակաշկանդված մի երկիր, որը մեր շատ բարեկամների մեջ մնում է միակը, որպես մեր դաշնակից: Թե դաշնակցի կարգավիճակում Ռուսաստանը ինչպես է դրսեւորում իրեն, կամ թե ինչպես ենք մե՛նք վերաբերվել նրանՙ հատկապես վերջին 3 տարում, ավելի խորը ուսումնասիրելու կարիք է զգում: Սակայն ներկա օրհասական պահին մենքՙ հայաստանցիներս, արցախահայությունն ու ողջ հայությունը, անկախ պետական մարմիններից ու նրանց վարմունքից, իրավունք ունենք Ռուսաստանից ակնկալելու հստակ եւ ոչ երկդիմի քաղաքականություն:
Նախորդ շաբաթ գրել էի, որ Փաշինյանը պատրաստվում է նոր, այսպես կոչված համապարփակ, արդեն միջպետական պայմանագիր ստորագրել, դարձյալ եռակողմ, եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթող դուրս գալու պարագայում թուրք-ադրբեջանական խուլիգաններին զիջել նոր տարածքներ: Իսկ այժմ, երբ, Միքայել Մինասյանի բացահայտումից եւ Ազգային ժողովում հնչած երեկվա հայտարարություններից հետո, բացառված չէ, որ Փաշինյանը խնդրո առարկա փաստաթուղթը ստորագրի- վավերացնել տա ավելի շուտ, ընտրություններից առաջ:
Ամեն գնով պետք չէ թույլ տրվի դա, եթե չենք ուզում կորցնել մեր երկիրը, մեր պետականությունը: Հիշենք, որ ընդամենը 2 տարի հետո, 2023 թ.ին, լրանում է մեր փառապանծ մայրաքաղաք-բերդաքաղաք Անիի հանձնման կամ բյուզանդացիներին կտակելու 1000-րդ տարելիցը: Այլեւս երբեք: