SECCIONES
ARMENIA
LOCALES
DIÁSPORA
UGAB
INSTITUCIONES
EMPRENDIMIENTOS Y PYMES
OPINION
AGENDA
SOCIALES
Temp.: -
Hum.: -
Viernes 22 de Noviembre - Buenos Aires - Argentina
PREMIO MEJOR MEDIO DE PRENSA PUBLICADO EN LENGUA EXTRANJERA - MINISTERIO DE LA DIASPORA DE ARMENIA 2015
Armenia - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին
Հաղթանակի ու խաղաղության տոն
09 de Mayo de 2021
                                                               Մայիսի 9-ը՝
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
 
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։
 
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։
 
Հայր Սուրբը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց․ «Այսօր մայիսի 9-ն է` մեր հաղթանակների եռատոնը, երբ հիշատակում ենք հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում, Շուշիի ազատագրումը և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Այսօր, սակայն, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմը հեռավոր մի իրականություն է նոր սերնդի համար, երբ Շուշին գտնվում է թշնամու վերահսկողության տակ, իսկ Արցախի Պաշտպանության բանակի հետագա ճակատագիրը մշուշոտ է, թվում է, անհնար է խոսել հաղթանակների մասին։
Սակայն հենց այս մռայլ օրերին է, որ ավելիով կարիքն ունենք լսելու հաղթանակի պատգամը և հիշատակելու հաղթանակի այն ոգին, որը գրավականն է մեր բոլոր հաղթանակների»:
Etchmiadzin 9 may 212
Հայր Մեսրոպը, խոսելով նաև Քրիստոսի չարչարանքների, խաչելության և հաղթական հարության մասին, ընդգծեց, որ նույնիսկ հուսաբեկության ամենածանր օրերին, ինչպես մեր Տիրոջ Հայության ավետիսից առաջ առաքյալներն ու Նրա հետևորդներն էին, պետք է
հաղթանակի լույսը առաջնաշարժիչ ուժ լինի և խոստումնալից ապագայի կերտումը՝ նպատակակետ մեզ համար։
 
Հայր Սուրբը հավելեց, որ այս օրերին, նաև սրտաբուխ աղոթքով հիշատակում ենք բոլոր նրանց, որոնք հավատով և հաղթանակի զգացումով դարերի հոլովույթում նահատակվեցին հանուն ազատ կյանքի, հանուն իրենց քրիստոնեական հավատի և սրբազան հայրենիքի։
 
Ապա աղոթք վերառաքելով առ Աստված՝ Հոգեշնորհ Հայր Սուրբը հայցեց Տիրոջից, որ Երկնքի Արքայության լույսերի մեջ բնակեցնի մեր բոլոր նահատակների հոգիները։
 
Վերջում Հայր Սուրբը մաղթեց, որ Ամենակարողն Աստված պահի ու պահպանի մեր նվիրական հայրենիքը և իմաստնություն ու խորագիտություն պարգևի ամենքին, որպեսզի կարողանանք ազգովին համախումբ կերտել մեր հաղթական գալիքը՝ ի փառս Ամենասուրբ Երրորդության, ի պայծառություն մեր հայրենիքի և մեր Առաքելական Մայր Եկեղեցու։
Etchmiadzin 9 may 213
Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար:
 
Նույն օրը Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակներ զետեղելուց հետո իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների անմար հիշտատակին:
Más leídas