Մատենադարանի ամենահավատարիմ գործընկերների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որի օժանդակությամբ արդեն երկար տարիներ իրականացվում են բազմաթիվ գիտական, կրթական ու մշակութային ծրագրեր:
Այս համագործակցության շրջանակում մի կարևոր նախաձեռնության հիմք դրվեց 2013 թ., որի արդյունքում ամեն տարի Մատենադարանի ասպիրանտները կրթաթոշակներ են ստանում՝ հնարավորություն ստանալով լավագույն պայմաններում և՛ աշխատելու, և՛ ուսումը շարունակելու՝ չկտրվելով իրենց հետազոտական աշխատանքից և գիտական միջավայրից:
Այսօր էլ Մատենադարանի ևս ութ ասպիրանտ վկայականներ ստացան որպես ՀԲԸՄ կրթաթոշակառուներ, ինչն, անշուշտ, ևս մեկ կարևոր խթան կհանդիսանա, որպեսզի երիտասարդ գիտնականներն առավել պատասխանատվությամբ և ջանասիրությամբ շարունակեն իրենց աշխատանքը:
Երախտապարտ ենք համահայկական խոշորագույն կազմակերպությանը՝ ՀԲԸՄ, մեր կողքին լինելու և մեր ծրագրերին սատարելու համար: