«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախից տեղահանված և զինծառայողների երեխաների համար կազմակերպել է «Մեկ օր հրաշքի մեջ» խորագրով ամանորյա թատերական միջոցառումների շարք: Ամանորյա հրաշքը նաև մարզերում և Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում բնակվող երեխաներին հասցնելու նպատակով Հիմնադրամը նախաձեռնել է տիկնիկային թատերախմբի այցեր դեպի ՀՀ մարզեր ու համայնքներ:
Ծրագրի շրջանակում, սույն թվականի հունվարի 13-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի մանկապատանեկան թատերախումբը հյուրընկալվեց նաև Գյումրիում: Ամանորյա ուրախ միջոցառմանը ներկա էր շուրջ 100 երեխա Գյումրիից և հարակից մի քանի համայնքներից:
Մասնակիցներին սպասվում էին նաև անակնկալներ, մուլտհերոսներ, հեքիաթային կերպարներ և հյուրասիրություն: Իսկ ամենամեծ անակնկալը Ձմեռ պապի և Ձյունանուշի այցն էր. երեխաներն անձամբ ստացան իրենց նվերները, որոնց մասին գրել և խնդրել էին Ձմեռ պապին ուղղված նամակներում:
«Ե´վ մեր, և´ երեխաների համար մեծ բավականություն էր, կարողացանք ինչ-որ կերպ կտրվել մեր առօրյայից: Երեխաների համար մեծ անակնկալ էր ներկայացումն ու Ձմեռ պապից նվերներ ստանալը: Մեր բալիկների սիրելի Ամանորն իսկապես տոն դարձավ»,- ասաց Գյումրիի բնակիչ Արմինե Ղալաչյանը:
Տիկնիկային թատրոնի դերասան Կարեն Մարտիրոսյանն էլ հավելեց.
«Այս երեխաներն են մեր վաղվա օրն ու ապագան: Յուրաքանչյուրս իր հնարավորությունների սահմանում պետք է օգնի նրանց ունենալ թեկուզ մեկ օր հրաշքի մեջ և անհոգ ու ուրախ մանկություն»:
Թատերախմբի հաջորդ խոշոր կանգառը Դիլիջանն էր, որտեղ կայանալիք միջոցառմանը մասնակցեցին Դիլիջանի, Իջևանի, Տավուշի մարզի այլ համայնքներում բնակվող 100-ից ավելի երեխա:
«Այն ժպիտներն ու բարձր տրամադրությունը, որով հեռանում են փոքրիկները, բոլորիս մեջ հույս է արթնացնում, որ այս պայծառ բալիկները լցվելու են կյանքով ու եռանդով, շարունակելու են երազել ու հասնել դրանց: Մենք էլ փորձելու ենք հնարավորինս շատ երեխաների պարգևել ամանորյա հրաշքը, որպեսզի նրանք չունենան ուշադրության ու ջերմության պակաս հատկապես այս օրերին»,- նշեց Տիկնիկային թատրոնի ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը:
«Մեկ օր հրաշքի մեջ» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել է 10-ից ավելի ներկայացում Երևանում, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում: Ծրագրին մասնակցել է ավելի քան 1000 երեխա, որոնց մեծ մասը զինծառայողների և Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներն են:
***
1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով
***
«Մենք ենք մեր սահմանները. Բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավը մեկնարկել է 2020 թվականին սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 2-րդ պատերազմի առաջին օրը: «Մենք ենք մեր սահմանները. Բոլորս Արցախի համար» նախաձեռնությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարդասիրական և զարգացման ծրագրերց մեկն է, որին ստացված նվիրատվություններն ուղղված են միմիայն Արցախի և արցախցիների համար հումանիտար օգնությանն ու օգտագործվում են համաձայն հիմնադրամի առաքելության և կանոնադրական նպատակների։ Այս պահի դրությամբ արշավին հանգանակվել է 170,675,287.58 ԱՄՆ դոլար